06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Սինգապուրի նախագահին հայկական պատմական ժառանգության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար

 

Ի պատիվ պետական այցով Սինգապուրի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից այսօր տրվել է պետական ընթրիք: Իր բաժակաճառում Նախագահ Սարգսյանը նախ երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախագահին եւ երկրի իշխանություններին ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել հայ-սինգապուրյան հարաբերությունների ավանդաշատ պատմությանը, ներկային եւ խոստումնալից հեռանկարին: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև երկու ժողովուրդների բարեկամական կապերի մասին, որոնք խոր արմատներ ունեն:

 

“Չնայած սակավությանը, հայերն իրենց արժանի ներդրումն են ունեցել Սինգապուրի հասարակական եւ տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում, ինչը, իմ որակմամբ, նաեւ ձեր ժողովրդից ներազդվելու արդյունք է: Չէ՞ որ փոքր քանակն ու բարձր որակը մեծապես ներհատուկ է Սինգապուրի տաղանդաշատ ժողովրդին:

 

Խորապես շնորհակալ ենք Սինգապուրի կառավարությանը հայ համայնքի, ինչպես նաեւ իր տարածքում գտնվող հայկական պատմական ժառանգության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար: Կարծում եմ, որ այսօր էլ Սինգապուրում գոյություն ունեցող ոչ մեծ հայ համայնքը իր դրական ներգրավվածությամբ երկրի տնտեսական, քաղաքացիական եւ մշակութային կյանքում նպաստում է հայ-սինգապուրյան հարաբերությունների կառուցման գործին:

 

Հայ համայնքի գործոնը լավագույնս վկայում է այն մասին, որ Սինգապուրում բազմամշակութային հասարակությունը կայացել է: Ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ Սինգապուրի քաղաքացին ոչ թե գնահատվում է ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության, այլ ըստ օրինապաշտության, կրթվածության, շնորհալիության եւ աշխատասիրության:

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Խոսեցի հայ-սինգապուրյան պատմական առնչությունների մասին, հայ համայնքի մասին, մեր ժողովուդներին միացնող արժեքների ու հատկանիշների մասին: Սակայն անկեղծորեն ասեմ` մեր հավակնություններն այսօր շատ ավելին են: Եվ կարծում եմ` վերոնշյալ բոլոր հանգամանքները կարծր հիմք են ստեղծել որակական նոր մակարդակի` միջպետական հարաբերությունների զարգացման համար:

 

Հայ-սինգապուրյան հարաբերություններում որակական նոր փուլ ազդարարեց 2009-ի Սինգապուրի հիմնադիր վարչապետ պրն. Լի Կուան Յուի այցը Հայաստան: Հայաստանը խորապես տպավորված է Սինգապուրի քաղաքական, տնտեսական եւ հասարակական առաջընթացով: Տնտեսական բարեկեցություն եւ սոցիալական արդարություն ապահովող ազգային մոդելի ստեղծման առումով Հայաստանը բազմաթիվ դասեր ունի քաղելու սինգապուրյան փորձից: Այս կապակցությամբ թույլ տվեք հիշատակել պարոն Լի Կուան Յուի Երևանում տված իմաստուն խորհուրդը, որը շատ վառ է մնացել իմ հիշողության մեջ. “Դուք պետք է կրթեք մարդկանց, ստիպեք ապրել եւ մտածել առաջին կարգի աշխարհի քաղաքացու պես: Ձեր հայացքն ուղղեք դեպի Եվրոպա, Ամերիկա եւ ես կասեի` դեպի Արևելյան Ասիա”: Մի՞թե կարող էի չհետևել այս բյուրեղյա խորհրդին”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ընդգծելով, որ երկու երկրների պատմության մեջ Հայաստանի նախագահի ներկայիս պետական այցն առաջինն է նախագահական մակարդակով, որը հավաստում է Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերությունների հասունության որոշակի հանգրվանի հասնելու մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ  տպավորված է Սինգապուրի նվաճումներով, Նախագահ Թոնի Տանի եւ Վարչապետ Լիի հետ իր ունեցած հանդիպումներով:

 

“Այս տարի մենք տոնում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Կարծում եմ սա մեզ պարտավորեցնում է, որ երկուստեք անենք հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն միմյանց եւ մեր հարաբերությունները որակական վերընթաց զարգացում ապրեն”,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ