Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Henaran.am-ին
Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Էջմիածնի զորամասերում զինծառայողների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես նաեւ թոքաբորբով հիվանդացածության մասին պաշտոնական հարցում էինք ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն: Վերջինս այսօր ուղարկել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը:
“Հայաստանի ՀՀ ազգաբնակչության շրջանում արձանագրվել են ջրծաղիկի հիվանդացության մասսայական դեպքեր, այդ իսկ պատճառով Էջմիածնի շրջանում տեղակայված զորամասերում նույնպես արձանագրվել են ջրծաղիկով հիվանդացության խմբակային դեպքեր:
Հիվանդությունը զորամասեր է ներթափանցել դրսից (տեսակցություններ եւ այլն): Հիվանդ զինծառայողները տեղում անմիջապես մեկուսացվել են եւ բուժման նպատակով տեղափոխվել “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց: Զորամասերում հայտարարվել է օբսերվացիոն ռեժիմ (դիտարկում, սահմանափակում), հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: Տեղերում կատարվել են ախտահանման աշխատանքներ:
Ինչ վերաբերվում է թոքաբորբով հիվանդացությանը` բոլոր հիվանդ զինծառայողները հոսպիտալացվել են, բուժումը կազմակերպվել է խիստ հսկողության ներքո: Ներկայումս թոքաբորբով հիվանդների քանակը արագ տեմպերով նվազում է, նոր դեպքերը կրում են եզակի բնույթ: Հոսպիտալներում հայտարարվել է օբսերվացիոն ռեժիմ ինֆեկցիայի ելքն ու մուտքը բացառելու նպատակով”,-նշված է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում: