ԿԸՀ-ն 1,7 մլն եվրո կստանա ԵԱՀԿ-ից եւ ԵՄ-ից
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքին կհետեւեն վերջին սերնդի տեխնիկական սարքավորումներով: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը` Եվրամիության աջակցությամբ, տրամադրել է Հայաստանին ժամանակակից համակարգիչներ, տպիչներ եւ ծրագրային ապահովվածություն, հաղորդում է “Мир” հեռուստաընկերությունը:
Այդ սարքավորումների օգնությամբ Հայաստանի ԿԸՀ-ն կարող է կարճ ժամանակում գրանցել ընտրողների ցուցակները, տեղադրել դրանք համացանցում եւ տպել: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Քարել Հոֆսթրան նշել է, որ իրենք նաեւ դասընթացներ են անցկացնում ոստիկանների մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ: Ծրագրեր են իրականացվում նաեւ ընտրողների իրազեկության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
ԿԸՀ-ին նաեւ նյութական օգնություն կտրամադրվի: ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը լրացուցիչ կհատկացնեն մեկ միլիոն 700 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: