Դանակահարություն Երեւանի պետական համալսարանում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, քիչ առաջ պետհամալսարանում դանակահարություն է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, հենց ճեմասրահում, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատողները դանակահարել են 3 ուսանողի, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը:
“Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել. նույն վայրից եւ համանման վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին եւ Գ. Խաչատրյանին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն”,-Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից: