26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը” խորագրով ցուցահանդես Կոպենհագենում

Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ “Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը” խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության եւ Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ,  հոգեւորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:

Բացման խոսքով հանդես եկավ  Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը:

Այնուհետեւ, ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` “Հայոց ցեղասպանության եվրոպական հիշողության սկանդինավյան ուղղությունը” թեմայով: Նա, իր խոսքում կարեւորելով այսպիսի ցուցադրության կարեւորությունը Կոպենհագենում, անդրադարձավ Հայոց ցեղասպանության եւ տարբեր ժողովուրդների եւ երկրների պատմության ու հիշողության փոխկապակցվածությանը:

Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկն իր հակիրճ ելույթում ներկայացրեց դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքը եւ գործունեությունը: Ելույթով հանդես եկավ նաեւ Յուսի Բյորնը` ներկայացնելով իր տատի` նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնին նվիրված “Չերգված հերոսուհին”  ֆիլմի նախագիծը:

Իր խոսքում  Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշեց, որ սկանդինավյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ակտիվորեն արձագանքեցին հայ ժողովրդին պատուհասած այդ արհավիրքին եւ կարողացան մարդասիրական լայն գործունեություն ծավալել հայերին փրկելու, ապաստան տալու եւ սնունդ ապահովելու ուղղությամբ:

Դեսպանը հիշատակեց նվիրյալ սկանդինավցիների անունները եւ կարեւորեց ապագայի այն տեսլականը, որով առաջնորդվում էին “հայասիրական մղումներով տոգորված այդ անձնուրաց մարդիկ, որոնք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել եւ հայտնվել էին Օսմանյան կայսրության կողմից ստեղծված դժոխային պայմաններում` նպատակ ունենալով ամեն գնով օգնել եւ սատար կանգնել եղեռնից մազապուրծ հայերին”:

Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, ընդգծեց. “Անգնահատելի է այս անձանց նվիրումը, դժվար է բառերով արտահայտել կրած  ֆիզիկական եւ հոգեկան այն ցավը, որ սկանդինավյան հայասերներն ապրում եւ վերապրում էին ամեն օր` տեսնելով, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ”: Դեսպանը նշեց նաեւ, որ “մենք եկել ենք ոչ թե ողբալու մահը, այլ ոգեկոչելու կյանքը”:

Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին եւ, հատկապես, Դանիայի Թագավորական գրադարանին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` ի դեմս տնօրեն Հայկ Դեմոյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ մեծ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 15-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ