26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրբ Էջմիածնում նշվեց Հարության տոնը

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը£ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ:

Նախքան Պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար: Հայրապետական թափորի ընթացքում ամպհովանակիրներն էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Արիս Ադամյանը, Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Արեւմտյան Ամերիկայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Հայկ Մսրլյանը եւ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին: “Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Քրիստոսի հրաշափառ հարության տոնի արշալույսն է վերստին բացվել եւ լուսազարդել աշխարհը: Տոնական բերկրանքն է թեւածում մեր հոգիներում, խնդությունն է պարուրել մեր սրտերը: Մեր ցնծությունն այսօր միախառնվում է առաքյալների ուրախությանը, ովքեր եղան առաջին վկաները Քրիստոսի հարության: Կիրակի էր օրը, կյանքն ընթանում էր սովորականի պես, մարդիկ ապրում էին իրենց առօրյայով, բայց ամեն բան փոխվել էր աշակերտների ու նրանց համար, ովքեր տեսան թափուր գերեզմանը, լսեցին բարի լուրը եւ ընդունեցին Քրիստոսի հարության հրաշազարդ իրողությունը: Նրանք լցվեցին հարուցյալ կյանքի ու փրկության հույսով, զորացան հավատքով եւ հարության կենսաբեր ավետիսը սփռեցին երկրի չորս ծագերում` ազդարարելով. ՙԱստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ՚:

Աշխարհակեցույց այդ օրը մարդն ու տիեզերքը նորոգվեցին: Մեր Տերը` Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը եւ հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ: Քրիստոսի հետ զատված ենք հնից ու նոր արարած ենք (Բ Կորնթ. Ե 17), ինչպես վկայում է առաքյալը, որպեսզի երկրի վրա հարուցյալ կյանքով ընթանանք դեպի մեր Հայրը, որ երկնքում է եւ ժառանգենք հավիտենական կյանքը: Քրիստոսի հարության ավետիսին ունկնդիր, սիրելիներ, այսօր երախտագետ սրտով գոհություն ու փառաբանություն մատուցենք մեր Տիրոջը մեզ պարգեւած փրկության շնորհի համար եւ հայցենք Նրա հարության կենդանարար զորությունը մեր կյանքին եւ համայն աշխարհին:

Աշխարհն այսօր էլ կարիքն ունի վերափոխման, կյանքի նորոգության, քանզի բեկված է խաղաղությունը, անկատար է արդարությունը, աննահանջ են չքավորությունը, պատերազմները, աղետներն ու ավերները: Տակավին ազգեր ու ժողովուրդներ քայլում են Գողգոթայի ճանապարհով, կրում գանահարության ու հալածանքների փշե պսակը, գամվում հակամարտությունների ու արյունահեղությունների խաչին: Աստվածամերժ այս ընթացքներում օրհնյալ, հարուցյալ կյանքի հույսն ու լավատեսությունն է բերում առաքյալի ավետաբեր խոսքը, որն այսօր էլ հնչում է նույն արդիականությամբ. ՙԱստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ՚: Քրիստոսի պարգեւած փրկության շնորհներն ընդունելով, հոգով վերածնվելով է, որ մարդկությունը պիտի գտնի զորությունը կյանքը վերափոխելու, վճռելու արդի աշխարհի խնդիրներն ու հրամայականները, հաղթահարելու փոթորիկները փորձանաց: Քրիստոսով նորոգված հոգիներից առատորեն պիտի բխի ու ծաղկի հաշտ ու խաղաղ, մերձավորի հանդեպ սիրով ներշաղախ կյանքը եւ զորանան ձգտումն ու ջանքերը` երկրի վրա կերտելու այն երանյալ իրականությունը, որն ունենա պատկերը երկնային թագավորության:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի հարության տոնն այսօր հրավեր է մեզ անդրադառնալու, թե մեր հոգում որքա՞ն տեղ ունի մեր Փրկիչը, որքա՞ն է մեր կյանքը լույս առնում Նրա հարուցյալ ներկայությունից, որքա՞ն է վերափոխվում մեր իրականությունը Նրա խոսքով ու պատգամներով եւ արդյո՞ք Նրա ճշմարտությունը մեր ճշմարտությունն է: Այս հարցադրումները հարկ է, որ մշտապես հնչեցնենք մեզ համար, որպեսզի մեր ընթացքը հաստատուն լինի Տիրոջ շավիղներում եւ մեր կյանքը լույսն ու առաջնորդությունն ունենա Աստծո: Աստծո հաճությունն ունեցող ժողովուրդն ու երկիրն են ընդունում տերունապարգեւ օրհնություններն ու շնորհները: Արդ, սիրելիներ, զորացնենք մեր հավատքը եւ հոգեւոր իմացությունը, մեր հոգին ամրացնենք աղոթքով, մեր հայրերի հոգեշեն խոսքով, Տիրոջ Ավետարանի, Սուրբ Գրքի ընթերցանությամբ, որպեսզի առաքյալի խոսքի համաձայն` նորոգվի մեր ներքին մարդը օրըստօրէ (Բ Կոր. Դ 16): Նոր մարդիկ լինենք նոր երկիր ու նոր կյանք կառուցելու համար: Ինչպես առաքյալները Տիրոջ հարության ավետիսով փոխակերպված ու զորացած` աշխարհը վերափոխեցին, մենք էլ մշտապես աճելով ու զորանալով հավատքի մեջ, պիտի վերափոխենք մեր իրականությունը, հաղթահարենք կյանքի դժվարությունները եւ դիմագրավենք ժամանակի մարտահրավերներին: Մեր պատմության նոր այգաբացն է` լեցուն մեր անկախացյալ երկրի եւ ազգային կյանքի զարթոնքի հույսերով: Մեր հայրերը այս տեսիլքով վերապրեցին առավել դժվարին ու բարդ ժամանակներ, համբերեցին ծանր փորձությունների, տոկացին հալածանքների ու նեղությունների մեջ, տքնեցին ու ստեղծեցին արդար վաստակով եւ Հայրենիքի համար ելան անհավասար մարտերի: Պարտք ունենք մեր հայրերի եւ սերունդների առջեւ` շենացնելու մեր երկիրը, մարմնավորելու ազգային մեր իղձերը: Մեր Տիրոջ կենարար խոսքին ու պատգամներին հավատարիմ, Նրա ճշմարտությամբ տոգորված` ամեն հարցում ու գործում դրսեւորենք սեր ու նվիրում առ Հայրենին, նախանձախնդրություն, ազգային շահի գիտակցություն, որ մեր ջանքն ու եռանդը դառնան արդյունք, առաջընթաց, նոր հույս ու հեռանկար: Այս պատասխանատվությամբ մասնակցենք նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին, այն դարձնենք մեր երկրի եւ աշխարհասփյուռ մեր կյանքի զորացման ու զարգացման ուժ ու հենարան: Մենք կարող ենք ունենալ քաղաքական ու տնտեսական հեռանկարների, ազգն ու երկիրը շենացնելու տարբեր ծրագրեր ու ակնկալիքներ, դրանց իրագործման տարբեր ուղիներ, սակայն արդարությունը, օրինահարգությունը, միմյանց հանդեպ հարգանքը, համերաշխության, հասկացողության ոգին բոլոր պարագաներում, նաեւ` ընտրական գործընթացում, կենսական պահանջ են` միավորվելու համար մեր նպատակների շուրջ եւ վկայելու կյանքը վերափոխելու մեր ձգտումն ու կամքը: Այսպիսի ընթացքով, հոգեւոր-բարոյական արժեքներն ու սկզբունքները կյանք դարձնելով` միշտ պիտի ունենաք առաքյալի բերած քաջալերությունը, որ Աստված, Ով հարություն տվեց մեր Տիրոջը, մեր կյանքն էլ պիտի օրհնի հարությամբ ու զարթոնքով: Այս հավատով ու հույսով լեցուն, սիրելիներ, մեր հայացքը հավատո գործերով ուղղենք դեպի մեր վաղվա օրվա հորիզոնները, դեպի մեր լուսավոր գալիքները եւ միշտ հիշենք ու կրկնենք առաքյալի խոսքերը. ՙԱստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ՚:

Զատկական տոնական առիթով եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, Քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ հայցում Տիրոջ հանապազ զորակցությունը տերունապատվեր իրենց առաքելության մեջ:

Հայրապետական օրհնությամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին առաջին Տիկնոջ հետ, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին եւ հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով հայրենաշեն նոր ձեռքբերումներ Տիրոջ ամենառատ շնորհների ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություններ մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության ու համագործակցության ամրապնդման ջանքերում:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայրենիս եւ ի Սփյուռս եւ աղոթք բարձրացնում, որ հարուցյալ մեր Փրկչի խաղաղությունն ու ողորմությունը եւ փրկարար շնորհները սփռվեն աշխարհի ու մարդկանց հոգիների վրա եւ պարգեւեն զորություն` կառուցելու անխռով ու բարօր կյանքը մարդկության: Հայցում ենք, որ Տերն Իր օրհնության ներքո անվրդով ու ապահով, պայծառ ու անսասան պահպանի հայրենի մեր երկիրը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ աշխարհասփյուռ ազգս հայոց, եւ մենք այսօր, միշտ ու հավիտյան խնդությամբ ավետենք.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի”,-ասված է Կաթողիկոսի պատգամում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ