Բաց նամակ Երեւանի քաղաքապետին
“Փրկենք կենդանիներին” ՀԿ-ն, “Դինգո” կամավորների թիմը և Երևան քաղաքի տարբեր համայնքներում բնակվող մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ ասվում է.
“Խնդրում ենք սույն նամակը չդիտարկել որպես վերջնագիր, այլ սոսկ բարի կամքի դրսևորում: Ձեզ դիմելու բուն պատճառն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ ներկա լարված նախընտրական քաղաքական իրավիճակում մեր գործողություննրը կարող են դիտարկվել և օգտագործվել մի շարք քաղաքական ուժերի կողմից, ինչը բնավ մեզ հարկավոր չէ: Ուստի հայցում ենք Ձեր աջակցությունը հետևյալ հարցի լուծման շուրջ: Տեսանյութից ակնհայտ է, որ թափառող կենդանիների դեմ պայքարի միջոցները և կատարվող անմարդկային գործողություննրը, որոնք շարունական բնույթ են կրում արդեն վեց տարի, արվում են առանց Ձեր գիտության և իրենց մեջ պարունակում են նաև մի շարք կոպիտ իրավախախտումներ (տեսանյութը կարող եք դիտել այստեղ
http://www.youtube.com/watch?v=NQ0c8Gn7kr4&feature=youtu.be ):
Պատկերը հետևյալն է. Երևանի քաղաքապետարանի Առևտրի վարչության ներկայացված թափառող կենդանիների դեմ պայքարի ծրագիրը ի սկզբանե պարունակում է անհիմն և իրար հակասող դրույթներ, որոնք կարող են դիտարկվել որպես պաշտոնական դիրքի չարաշահման և պետական գումարների վատման միջոցներ: Մասնավորապես, վերջիններիս կողմից ներկայացված թափառող կենդանիների ամենամյա թիվը չափազանց ուռճացվածէ: Չեն կատարվել որևէ հետազոտություններ, և նշված մոտ 46 000 թափառող շներն առհասարակ ֆիզիկապես չեն կարող գոյություն ունենալ Երևան քաղաքում: Ուստի անհասկանալի է, թե ինչպես է նրանց դեմ պայքարի համար տարեկան ծախսվում 180 000 000 դրամ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնության գիտությունների Ակադեմիայի էկոլոգիայի և էվոլուցիայի պրոբլեմների՝ Սեվերցովի անվան ինստիտուտի 2010թ հետազոտության համաձայն՝ 10 000 000 և ավելի բնակչությամբ Մոսկվայում հաշվարկվել է առավելագույնը 35 000 շուն: Ակնհայտ է, որ 1 000 000-անոց Երևան քաղաքում չի կարող գոյություն ունենալ 46 000 շուն:
Բացի այդ, քաղաքապետարանի պատվերը կատարող Յունիգրաֆ X ՍՊԸ իր գործողություններով ոչ միայն աշխատում է անարդյունավետ, այլև վտանգի է ենթարկում Երևան քաղաքի բնակիչների անվտանգությունը՝ խախտելով տարրական սանիտարական նորմերը: Վերջինիս ապացույցն է նրանց տրամադրված Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող տարածքում առանց որևէ մշակման լցված ահռելի քանակի շների դիակների առկայությունը: Դրա մասին են փաստում ոչ միայն մեր կողմից արված տեսագրությունները, այլև մի շարք լրագրողների կողմից պատրաստված տեսանյութերը: Եվ սրանք միակ խախտումները չեն:
Ըստ մեզ այս տեղ առկա են իրավախախտումներ ՝ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:
Խնդրում ենք Ձեզ լինել նախաձեռնող սույն խնդիրը իրավապահ մարմիններին հանձնելու գործում:
Մենք այլևս չենք պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը և պատրաստ ենք անել հնարավորինս՝ այս խնդիրը օրենքի սահմաններում լուծելու համար”: