Սոնա Շահգելդյանը անզուսպ ծիծաղեց աղանդավոր կոլեգաների վրա

Սոնա Շահգելդյանը կարծում է, որ ‘’Տարվա լավագույն երգչուհի’’ մրցանակը, որն իրեն շնորհվեց օրեր առաջ կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, ուշացած էր, քանի որ այդ կոչումը իրեն պետք է շնորհվեր դեռ 2-3 տարի առաջ: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Անուններ չհրապարակելով, Սոնան նշեց, որ համաձայն չի եղել շատ մրցանակների հետ, որոնք շնորհվել են, քանի որ շրջանցել են առավել արժանավորներին:
Իր համար լավագույն հայ երգչուհիներն են Լիաննան, Էմմին եւ Աննա Խաչատրյանը, քանի որ նրանք լավ ձայն ունեն, իսկ արտասահմանյան երաժիշտներից սիրում է Ուիթնի Հյուսթոնին, Մայքլ Ջեքսոնին, քանի որ ըստ Սոնա Շահգելդյանի, նրանք ‘’մակարդակով’’ երգեր են կատարել:
Առաջիկա անելիքներից երգչուհին նշեց մենահամերգները մերձբալթյան երկրներում, եւ անակնկալ դուետներ` արտասահմանյան երգիչների հետ:
Ասուլիսին ներկա էր նաեւ Ազգային մրցանակաբաշխության ժամանակ ‘’Լավագույն երգիչ’’ մրցանակին արժանացած Էրիկը, ով նշեց, որ եւս մեկ լավ ‘’մրցանակ’’ է ստացել, այն է` ՀՀ քաղաքացիություն, ինչն իր համար բավական շատ խոչընդոտներով է ուղեկցվել:
Նա կարծիք հայտնեց, որ դրսում երբեմն ավելի շատ են գնահատում հայ երգիչ-երգչուհիներին, որից հետո նոր միայն Հայաստանն է սկսում գնահատել ու մրցանակներ շնորհել: “Դա ազգային մտածողության արդյունքն է, քանի որ հայերին միշտ թվում է, թե օտարերկրյա երգիչներն ավելի լավն են ու գնահատելի”:
Այն հարցին, ինչպես են վերաբերում շոու բիզնեսի ներկայացուցիչների աղանդավորական հակումներին, Սոնա Շահգելդյանը երկար ժամանակ չկարողացավ զսպել իր ծիծաղը` ասելով, որ շատ վատ է վերաբերում նման թուլակամ դրսեւորումներին:
Էրիկն ասաց, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է ու շատ հաճախ կրոնական հայացքների հետ կապված բախումներ է ունենում շոու-բիզնեսի աղանդավոր կոլեգաների հետ:
Henaran.am-ի այն հարցին` շոու-բիզնեսում ավելի շատ նախանձ կանայք են շատ, թե տղամարդիկ, Սոնա Շահգելդյանը պատասխանեց, որ միանշանակ նախանձ կանայք են շատ, իսկ տղամարդիկ շատ լավն են:
Էրիկի կարծիքով` հայկական շոու-բիզնեսի որոշ տղամարդկանց մեջ ավելի շատ բամբասկոտ կինն է գերակշռում, քան տղամարդկությունը: