20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միասնական շտաբը տրոհվեց.”Ժառանգությունը” չի մասնակցի

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի անունից հաստատեց` միասնական շտաբի աշխատանքներին չեն մասնակցի:

“Մեր նախապայմանները չեն ընդունվել շտաբի մասնակից մյուս քաղաքական ուժերի կողմից, հետեւաբար, “Ժառանգությունը” չի մասնակցում շտաբի աշխատանքերին: Ես սա հայտարարում եմ  մեր նախընտրական շտաբի կողմից”,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը` բացատրելով, թե ինչու “Ժառանգությունն” այսօր կայացած շտաբի նիստին չի մասնակցել:

Ռուբեն Հակոբյանին խնդրեցինք պարզաբանել, ասվածն արդյո՞ք նշանակում է, որ “Ժառանգությունը” դուրս է գալիս միասնական շտաբից եւ հետ վերցնում իր ստորագրությունը  շտաբի ստեղծման մասին քաղաքական ուժերի ստորագրած հայտարարությունից:

“Դա եղել է ընդամենը ցանկությունների հայտարարություն, որ այդ կուսակցությունները ցանկություն ունեն ստեղծել միասնական շտաբ: “Ժառանգությունը” մինչեւ ստորագրելը նախապայման է առաջարկել, որ այն հիմնական փաստաթուղթը, որը  պետք  է ձեւակերպի շտաբի գործառույթներն ու դրանց իրականացման մեխանիզմները, պետք է ստորագրվի կուսակցությունների առաջին դեմքերի կողմից եւ միայն դրանից հետո պետք է սկսել շտաբի աշխատանքները”, -պարզաբանեց  Ռուբեն Հակոբյանն ու հավելեց, որ հետո միայն պարզ է դարձել, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջին դեմքերի մակարդակով փաստաթղթի ստորագրմանը համաձայն չեն:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք “Ժառանգությանը” չի բավարարում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հավաստիացումը, որ Վարդան Օսկանյանն ունի համապատասխան լիազորություններ, Ռուբեն Հակոբյանը արձագանքեց` ոչ, չի բավարարում:

Արդեն առիթներ եղել են, երբ Վարդան Օսկանյանի ասածը միանգամից  հերքվել է Գագիկ Ծառուկյանի կողմից: Օրինակ, կոալիցիայի ձեւական բնույթ  կրելու մասին Օսկանյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանը հակառակն ասեց, որ կոալիցիան ձեւական չէ, եւ ինքը չէր կարող ձեւական կառույցի մասնակից լինել”:

Ռուբեն Հակոբյանը շեշտեց նաեւ, որ միասնական շտաբի կողմից ՀՀ ոստիկանապետին եւ վարչապետին ուղղված դիմումի տակ, որտեղ պահանջվում է տրամադրել այն քաղաքացիների ցուցակը, ովքեր պետռեգիստրում գրանցված են, սակայն ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում, ԲՀԿ-ն չստորագրեց: Այս փաստն, ըստ մեր զրուցակցի, առավել քան խոսուն է. “Պետք չէ իմիտացիա անել, կամ պետք է լինել մի դաշտում, կամ` մյուս: Այս առումով ԲՀԿ ղեկավարի ստորագրությունը որոշ վստահություն կներշնչեր եւ քաղաքական ուժերի, եւ ժողովրդի շրջանում”,-եզրափակեց Ռուբեն Հակոբյանը:

Իշխող կոալիցիայի բոլոր անդամներն առանց բացառությամբ զբաղված են ապօրինի միջոցներով ընտրողների ձայնը գրելու աշխատանքներով:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը”  ՀՀ քաղաքագետների միությունում ապրիլի 4-ին  ստորագրեցին միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարություն, որին ՀՀԿ-ն չմիացավ:  Շտաբի անդամների միջեւ անհամաձայնությունը, սակայն, ծագեց հենց այդ նիստի ժամանակ: “Ժառանգության” ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենց առաջարկի մերժման դեպքում դուրս կգան միասնական շտաբի կազմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ