26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առավելագույն եթերաժամանակը տրամադրվել է ԲՀԿ-ին

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողներին է ներկայացրել հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման մոնիտորինգի առաջին շաբաթվա արդյունքները:

Գրիգոր Ամալյանի խոսքով, հեռուստաընկերությունների կողմից, բացառությամբ Հանրայինի, քաղաքական ուժերին տրամադրվող անվճար եթերաժամն օգտագործվել է ոչ ամբողջությամբ` ելնելով քաղաքական ուժերի նպատակահարմարությունից:

ՀՌԱՀ նախագահի խոսքով, վճարովի եւ անվճար եթերաժամանակից օգտվելու զրոյական ցուցանիշ է արձանագրել “Միավորված  հայեր” կուսակցությունը: ՀՌԱՀ-ին հեռուստաընկերությունները  պարզաբանել են,  որ հեռուստածրագրերին մասնակցելու հրավերները քաղաքական ուժի կողմից մերժվել են, բացի այդ, հեռուստաընկերություններն իրենց հաղորդումները պլանավորում են եւ հնարավոր է, որ այս կամ այն քաղաքական ուժի հերթ դեռ չի հասել:

Անդրադառնալով քաղաքական ուժերի լուսաբանման հարցին, Գրիգոր Ամալյանն ասաց, որ անհամաչափությունն այստեղ կարելի է բացատրել տվյալ քաղաքական ուժի գործունեությամբ, այսինքն, այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչպես են կազմակերպում իրենց քարոզարշավը: Սրանով հանդերձ, ՀՌԱՀ նախագահն արձանագրեց.”Թվերի անհամաչափությունը մտահոգություն է առաջացնում: Մենք նախաձգուշացրել ենք մի շարք հեռուստաընկերությունների”:

Ամալյանի խոսքով, հեռուստաեթերում քաղաքական ուժերի լուսաբանման առումով նույնիսկ մինչեւ 3 անգամ եթերաժամերի տարբերություն կա: Օրինակ, դիտարկվող ժամանակահատվածում “Միավորված հայեր” կուսակցությանը ընդհանուր առմամբ հատկացվել է 166 րոպե 32 վայրկյան  եթերաժամանակ, իսկ ԲՀԿ-ին առավելագույն եթերաժամանակն է տրամադրվել` 1646 րոպե:

“Մենք “Հանրային” հեռուստաընկերության ուշադրությունն ենք  հրավիրել այն հանգամանքի վրա, որ իր լրատվական թողարկումներում առավելագույն լուսաբանումն ստացել է ՀՀԿ-ն, գրությամբ դիմել ենք “Կենտրոն” հեռուստաընկերությանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր եթերում առավելապես լուսաբանվել է ԲՀԿ-ն եւ  նույնատիպ գրություն ստացել է “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունը, որտեղ առավել եթերաժամանակ ստացել է ՀՅԴ-ն, Հ2-ի եթերում էլ գերակշռություն է ունեցել ԲՀԿ-ն”,-ասաց Գրիգոր Ամալյանը, բայց եւ նշեց, որ այս գրությունները վարչական տույժեր չեն, ընդամենը արձանագրում են իրավիճակը եւ առաջարկում նախընտրկան քարոզչության ընթացքում հավասարակշռությունն ապահովել:

ՀՌԱՀ-ը  վարչական տույժ է կիրառել  երկու հեռուստաընկերությունների` Հրազդանի “Սիրակ” եւ Սպիտակի “Աննա եւ Կարեն”-ի նկատմամբ: Վերջիններս ՀՌԱՀ-ին չեն տրամադրել հաշվետու շրջանում իրենց կողմից իրականացված ծրագրերի մասին տեղեկատվությունը:

Ընդհանրացնելով ուսումնասիրության արդյունքները, ՀՌԱՀ նախագահն ասաց, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում առավելագույնս լուսաբանվել է ԲՀԿ-ն: Երկրորդ հորիզոնականում է ՀՅԴ-ն, որին հաջորդում է ՕԵԿ-ը, այնուհետ` “Ժառանգությունը”:

ՀՀԿ-ն 5-րդ տեղում է, ՀԱԿ-ը հաջորդում է նրան: 7-րդ հորիզոնականում Դեմկուսն է, այնուհետ` Կոմկուսը: Ցանկը եզրափակում է “Միավորված հայեր” կուսակցությունը: Այս արդյունքները, օբյելկտիվ պատճառներից ելնելով, դեռեւս հիմքեր չեն տալիս հեռուստաընկերությունների նկատմամբ տուժեր կիրառելու, սակայն, եթե քարոզչության ավարտին ՀՌԱՀ-ը պարզի, որ հեռուստաընկերություններն  անհավասար պայմաններ են ստեղծել այս կամ այն քաղաքական ուժի համար, նրանց նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված վարչական տույժեր` դրամականից /մինչեւ 1 մլն դրամ/ մինչեւ լիցենզիայից զրկում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ