27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թեղուտի ծեծկռտուքի փաստով քրեական գործ է հարուցվել. տուժածներից մեկը վիրահատվել է

Ապրիլի 16-ի երեկոյան Թեղուտում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով /մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը  միջին ծանրության վնաս պատճառելը/: Նախաքննությունը շարունակվում է: Տուժողներին տրվել են դատաբժշկական եզրակացության ուղեգրեր, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:

Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Քրեական գործի հետ կապված այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 16-ի երեկոյան Թեղուտում “Թեղուտ” ՓԲԸ անվտանգության շուրջ 20 աշխատակիցների եւ համայնքի մի քանի բնակիչների միջեւ վիճաբանություն էր ծագել, որը վերածվել էր ծեծկռտուքի: Ծեծկռտուքի արդյունքում Թեղուտի բնակիչ, 24-ամյա  Հրաչյա Ղորխմազյանը  կոտրվածքներով տեղափոխվել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը:

Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանից այսօր Henaran.am-ը տեղեկացավ, որ տուժած երիտասարդը ոտքի վիրահատության է ենթարկվել. “Երկու տեղից կոտրվածք է ստացել,  բավականին լուրջ կոտրվածնքեր` ծնկից ներքեւ եւ կոճային հատվածում: Վիրահատությունը հաջող է ընթացել, բայց հետագա վիրահատությունների անհրաժեշտություն էլ կա: Մասնագետ բժիշկը հույս է տալիս, որ երիտասարդը հաշմանդամ չի մնա”:

Ծեծկռտուքից տուժած մյուս թեղուտցիների վնասվածքները լուրջ չեն, նրանք  բուժում են ստանում տնային պայմաններում:

Հարություն Մելիքսեթյանի փոխանցմամբ, Թեղուտում մթնոլորտն արդեն հանդարտվել է: Թեղուտցիներն իրենց մտահոգող խնդիրները ներկայացրել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Ի թիվս այլ պահանջների, թեղուտցիները “Թեղուտ” ՓԲԸ-ից պահանջում են այլ տարածաշրջաններից եկածների փոխարեն, աշխատանքով ապահովել համայնքի գործազուրկներին: Այս եւ այլ հարցերը, խոսքով, մարզպետի միջնորդությամբ լուծում կստանան:

“Առաջին պայմանը  եղել է, որ մեղավորները պետք է աշխատանքից ազատվեն ու պատժվեն, կար նաեւ գյուղացիների աշխատելու հարցը, որը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում լուծում կստանա: 8-10 հոգի են, որ այս պահին աշխատանք չունեն: Կա ճանապարհներից փոշու տարածման խնդիրը, դա էլ է կարգավորվել: Իրենք մինչեւ այս դեպքն էին ջրցան մեքենա  բերել, որոշ աշխատանքներ կային կատարելու, որոնք արդեն ավարտվում  են եւ 2 օրից այդ մեքենան կաշխատի ու փոշու հարցն էլ մեջտեղից դուրս կգա ”,- թեղուտցիների պահանջները մանրամասնեց համայնքապետը:

“Թեղուտ” ՓԲԸ-ի վարչության պետ Ռուբիկ Պապոյանը  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիների աշխատանքի ապահովման հարցի շուրջ բանակցություններն ընթացի մեջ են:

” Աշխատատեղն առաջին հերթին թեղուտցունն է, շնողցունն է: Տեղի բնակիչներից մոտ 160-170 մարդ աշխատում է, իհարկե, դեռ մարդիկ կան, որ այսօր աշխատատեղի կարիք ունեն: Հիմա այդ ամենը ընթացքի մեջ է: Մեր  առաջարկող տեղերի համար մասնագիտական մոտեցմամբ փնտրում ենք, թե թեղուտցի՞ն է բավարարում պայմաններին, շնողցի՞ն,  թե՞` ալավերդցին ”,-նշեց Ռուբիկ Պապոյանը:

Նա հավելեց, որ տեղացիներին աշխատանքի ընդունելու հանգամանքը ընկերության  համար նպատակահարմար է նաեւ  ծախսային առումով, քանի որ այդ դեպքում աշխատողների տեղափոխման խնդիր չի առաջանա:

“Թեղուտ” ՓԲԸ-ի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե տուժած Հրաչյա Ղորխմազյանին  ընկերությունը փոխհատուցում պատրաստվո՞ ւմ է տրամադրել: “Իհարկե, մեր աշխատակիցների բոլորի առողջությունը մեզ հետաքրքրում է, երիտասարդը մեր աշխատակիցն է : Մենք նրա առողջության համար մտահոգված ենք եւ բոլոր վճարումները վերցրել ենք մեզ վրա”,-հավաստիացրեց Ռուբիկ Պապոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ