“Կարող է մի կողմում զենք է եղել, մի կողմում` հեռախոս, Ծառուկյանն ի՞նչ իմանար, որ կողմից են նկարել”. Հմայակ Հովհաննիսյան /վիդեո/
ՀՀ քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ական Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությանը եւ այն փաստին, որ թե անձամբ Գագիկ Ծառուկյանը, թե նրա խոսնակ Խաչիկ Գալստյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էին, թե ոչ թե զենք, այլ “Վերտու” հեռախոս է եղել, այն պարագայում, երբ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այն, ինչ ինքը տեսել է նկարում, զենք է եղել:
Հիշեցնենք, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանը այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հարթակից փորձել էր ողջունել քաղաքացիներին, նրա կոստյումի փեշը բացվել էր եւ տեսախցիկը ֆիքսել էր ատրճանակ: ԲՀԿ-ն, սակայն, հերքել էր, թե դա ոչ թե ատրճանակ է եղել, այլ` “Վերտու” հեռախոս:
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ միշտ զենք էր կրում ու հավելեց.”Ինչ վերաբերվում է նախընտրական եւ ընտրական շրջանում, իհարկե, այն երկրում որտեղ լիսկաներ կան, որտեղ կան մարզպետի անվան տակ գործող քրեական խմբավորումների ղեկավարներ, այդ պայմաններում մարդը պետք է օգտվի իր Սահմանադրական իրավունքից եւ կրի զենք ու պաշտպանվի”:
Հարցին, ո՞վ է սուտ խոսել, Գագիկ Ծառուկյա՞նը թե՞ Վարդան Օսկանյանը, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է.”Կարող է մի կողմում զենք է եղել, մի կողմում` հեռախոս, Գագիկ Ծառուկյանն ի՞նչ իմանար, որ կողմից են նկարել”:
Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե չի դիտել տեսանյութը, որովեհետեւ դրան նշանակություն չի տալիս: “Մեր երկիրը դեռեւս չի դառել այն ապահով երկիրը, որտեղ քաղաքական գործիչն այնքան ապահովագրված է տարբեր կարգի թափթփուկների ոտնձգություններից, որ չօգտվի օրինական զենք կրելու իր իրավունքից: Այս աղմուկը, որ բարձրացավ այն հարցը չէ, որ այդքան մեծ ուշադրութուն լինի”:
Լրագրողները Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինքն է՞լ է անվտանգության նկատառումներից ելնելով զենք կրում, Հմայակ Հովհաննիսյանն ասաց.“Ես զենք չունեմ, որովհետեւ պատգամավոր չեմ, բայց որ պատգամավոր էի, ես կրում էի զենք: Դա փաստ է, որ մեր երկիրն այն երկիրն է, որտեղ քաղաքացին, առավել եւս քաղաքական գործիչն ապահովագրված չէ”:
Ի դեպ, նա չանդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, թե “Հավաքների ազատության մասին”օրենքն արգելում է զանգվածային միջոցառումների ժամանակ զենք կրել: