15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրում հնարավոր է լինելու իրավիճակ փոխել. Վարդան Օսկանյան

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի ելույթը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընտրողների հետ հանդիպմանը

Ես շատ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ այսօր արդեն շատ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ խոսում են քաղաքական մենաշնորհների վերացման անհրաժեշտության և քաղաքական հակակշիռներ ստեղծելու մասին: Ես, դեռ 2008թ. դուրս գալով իշխանությունից, առաջ քաշեցի այս գաղափարները: Անկեղծ ասած՝ հենց այդ պատճառով էր, որ չցանկացա լինել իշխանության մեջ, որպեսզի այդ խնդիրների մասին բարձրաձայնեմ և դրանց լուծման համար ճանապարհներ որոնեմ:

Հիմա արդեն բոլորի համար պարզից էլ պարզ է, որ քաղաքական մենաշնորհի գոյությունն է ծնում պետության և հասարակության համար վտանգավոր շատ ու շատ արատներ: Այո՛, հենց քաղաքական մենաշնորհն է պատճառը, որ երկրում կա անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական մենաշնորհն է, որ ծնում և սնում է տնտեսական մենաշնորհը, ինչը կործանում է երկրի տնտեսական համակարգը և խոչընդոտում տնտեսական աճը: Քաղաքական մենաշնորհի պատճառով է, որ Հայաստանում օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար: Այդ նույն մենաշնորհն է, որ մարդուն դարձնում է հպատակ և ոչ թե հպարտ քաղաքացի, որն ի վերջո արտագաղթում է երկրից:

Եթե անկախության նվաճումից հետո մենք կարողանայինք կառուցել ճիշտ քաղաքական համակարգ, այնպես, ինչպես բալթյան երկրներում, այսօր մենք կլինեինք բոլորովին այլ հարթության վրա: Սակայն հիմա ունենք այն, ինչ ունենք, և բոլորիս պարտականությունն է մի կողմ դնել նեղ անձնական շահերը, ավելորդ ամբիցիաները և առաջնորդվելով պետական ու ազգային շահով՝վերացնել մեր պետության և հասարակության ամենագլխավոր արատը՝ քաղաքական մենաշնորհը:

Կասկած անգամ չկա, որ դա պետք է լինի ազատ և արդար ընտրությունների միջոցով: Կեղծվող ընտրություններից բխող հուսախաբությունը մնում է երկար և սեպ է խրում հասարակության տարբեր հատվածների, իշխանության ու հասարակության միջև: Այդ
բռնկումները մարդկանց եռանդն ու միջոցները վատնում են այլ ուղղությամբ՝ դրանք շեղելով տնտեսությունից և այլ հատվածներից:

Ողջունելի և հուսադրող է ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբի ստեղծումը, որին մասնակցում է նաև Բարգավաճ Հայաստանը:

Կցանկանայի անդրադառանալ մի թեմայի, որը այս կամ այն կերպ առնչվում է նաև Շիրակի մարզին: Այստեղ շատերը հույս ունեին, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում սահմանամերձ այս մարզում նշանակալիորեն կբարձրանա տնտեսական ակտիվության
մակարդակը: Սակայն մենք ականատես եղանք, որ նույնիսկ մեր ազգային-պետական շահերի ոտնահարման գնով ձեռնարկված հայ-թուրքական գործընթացը անփառունակ ավարտ ունեցավ: Դատելով փոխադարձ մեղադրական հայտարարություններից ու
երկու կողմերի միջև շփումների գրեթե բացակայությունից, կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի հետ ունենք ավելի բարդ հարաբերություններ, երկու երկրների միջև ավելի մեծ հակակրանք կա, քան այս գործընթացից առաջ էր: Փաստորեն մենք հասանք նրան, որ այժմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ավելի շատ է կապվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը մոտ ապագայում լուծվող խնդիր չէ:

Կցանկանայի անդրադառանալ նաև հայ-վրացական հարաբերություններին, որոնք պակաս կարևոր չեն: Թեև Վրաստանի հետ չունենք փակ սահմաններ, և այդ երկիրը մեր կարևորագույն գործընկերն է, պատուհանը դեպի արտաքին աշխարհ, սակայն մեր
փոխադարձ սահմանային հաղորդակցության մակարդակը, ինչպես նաև օրեսդրական մերձեցումը բավարար չէ: Բազմաթիվ խնդիրներ են առաջանում հատկապես գյուղմթերք և տեքստիլ արտադրանք Վրաստան արտահանելիս: Այսինքն՝ այս ուղղությամբ հսկայական
աշխատանքներ պետք է իրականացվեն:

Բարգավաճ Հայաստանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացրել և ցանկանում է ծանրակշիռ պատասխանատվություն վերցնել Ազգային ժողովում և կառավարությունում՝ նպատակ ունենալով վերը բարձրացված խնդիրներին արմատական և անհապաղ լուծումներ տալ: Բարգավաճ Հայաստանը կախվածության մեջ չէ այլ ուժերից, անձանցից և առավել ևս՝ որևէ տեսակի կապիտալից: Մեզ վստահության քվե տալով՝ դուք մեզ կախվածության մեջ եք դնում ձեզանից, այսինքն՝ ժողովրդից:

Տնտեսական քաղաքականության հիմքում մենք դնելու ենք նոր փիլիսոփայություն և մոտեցումներ: Նախևառաջ՝ անվերապահորեն հարգվելու են ազատ տնտեսական հարաբերությունների հիմնարար սկզբունքները` հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները կլինեն հետևյալը.

– Տնտեսական իրական աճ, աշխատատեղերի ստեղծում՝ արժանավայել աշխատավարձերով, և ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացում:

– Կառավարությունը առավել լայն ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման և առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո:

– Գործարարները, գյուղացին, արտադրողը չպետք է դիտարկվեն որպես օբյեկտներ, որոնց ֆունկցիան միայն հարկեր վճարելն ու բյուջ լցնելն է: Այդ խավը պետք է լինի պետության գլխավոր գործընկերը, հասարակության բարեկեցությունը ապահովող հիմնական շարժիչ
ուժը, որը ստեղծում է աշխատատեղեր ու հանրային բարիք:

– Տարածաշրջանում երկրի մրցունակության վերականգնում: Կար ժամանակ, երբ վրացիները Հայաստան էին գալիս և նախանձով էին վերադառնում: Հիմա լրիվ հակառակն է: Ի՞նչ է պատահել, որ մենք տեղում դոփեցինք և չկարողացանք առնվազն համաքայլ ընթանալ հարևանների հետ: Հայաստանը մենք չպետք է դիտարկենք կաղապարված՝ միայն երկրի սահմաններից ներս: Մեր երկիրը մենք պետք է տեսնենք տարածաշրջանային համատեքստում:

-Վերջապես, երկիրը պետք է բացել ամբողջ աշխարհի համար, տնտեսությունը հրապուրիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար: Հայաստանն աշխարհի տնտեսական քարտեզի վրա ավելի մեծ տեղ պետք է զբաղեցնի, քան նրա աշխարհագրական չափերն են:

Այս ամենին հասնելու համար ես կոչ եմ անում ձեզ, որ ձեր քվեն տաք Բարգավաճ Հայաստանին՝ վստահ լինելով, որ ձեզանից յուրաքանչյուրի քվեն պաշտպանվելու է, և նաև վստահ լինելով, որ երկրում հնարավոր է լինելու իրավիճակ փոխել:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ