Ոստիկանություն բերման ենթարկված ուսանողի կասկածը ՀՀԿ երիտթեւի նախագահը չմեկնաբանեց
Ինձ ոստիկանության բաժին են տարել առանց որեւէ օրինական պահանջի: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ սադրանքը` ինձ ոստիկանության բաժին տանելու, կապված է եղել ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի հետ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվ.լեզվաբանական համալսարանի ուսանող Նարեկ Սամսոնյանը, ով ակտիվ մասնակցում էր ուսանողների բողոքի ակցիային` ի պաշտպանություն համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի:
Հիշեցնենք, որ երեկ Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ուսանողները բողոքի ակցիայի են դուրս եկել կառավարության շենքի դիմաց` պահանջելով ԿԳ նախարարից անվավեր ճանաչել համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելու որոշումը:
‘’Կարեն Ավագյանը քաղաքացիական անձանց հետ կանգնած էր եւ անընդհատ ասում էր.’’Հիմա կասեմ` ինչ անեք’’: Երբ ես մոտեցա նրան` խոսելու նպատակով, նա անգամ ինձ չբարեւեց ու արհամարհական ասաց.
’’Գնա, հետո կխոսենք’’, երեւի նյարդայնացել էր, որ ուսանողները իրեն չեն ենթարկվել ու բողոքելու են դուրս եկել’’,- ասաց Նարեկ Սամսոնյանը: Դրանից մի քանի րոպե հետո, ըստ Նարեկի, ոստիկանները մոտեցել են իրեն:
Նրա խոսքով` ոստիկանության փոխգնդապետ Պետրոսյանը իրեն ասել է, որ ահազանգ է ստացել քաղաքացիներից, թե ընդհարում է եղել, եւ որ Նարեկն է հրահրել այն:
‘’Ես պահանջել եմ առերեսում, քանի որ դա զրպարտություն է, նման բան չի եղել, ուզում եմ ճանաչել այդ մարդկանց, ովքեր նման բան են ասել ոստիկանությանը’’,- եզրափակեց Նարեկ Սամսոնյանը:
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդկան կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը վերոնշյալի կապակցությամբ ասաց.’Դա անհեթեթություն է, ես ոչ մի Նարեկ չեմ ճանաչում, ուստի եւ անհեթեթությունը չեմ ուզում մեկնաբանել: Ես ուսանողների հետ նորմալ եմ շփվում’: