Մաշտոցի պուրակի պաշտպանները կանգնած են Բրյուսովի ուսանողների կողքին
Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն’-ը, ‘Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն’-ը, ‘Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն’-ը եւ ‘Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնություն’-ը հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է.
‘Մենք` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների դեմ պայքարող քաղաքացիներս համերաշխություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանի ուսանողներին: Ձեր զանգվածային ու կարգապահ բողոքով դուք պատմական օրինակ եք ցույց տալիս ամբողջ Հայաստանի ուսանողության համար:
Մենք համոզված ենք, որ անկախ կողմնորոշումներից եւ անձերի նկատմամբ համակրանքից` դուք նախեւառաջ ոտքի եք ելել պաշտպանելու արդարությունն ու օրինականությունը: Բրյուսովցիներից շատերը ամիսներ շարունակ կանգնած են Մաշտոցի պուրակում` ի պաշտպանություն հանրային տարածքի:
Մենք ցանկանում ենք դառնալ ինքնորոշված քաղաքացիների սերունդ եւ ապրել մի երկրում, որտեղ օրենքը կհարգեն բոլորը, այդ թվում նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները` լինի քաղաքապետ, թե նախարար: Բոլորին, ովքեր հանկարծակիի են եկել մեր օրինական պահանջներից, մենք հայտարարում ենք, որ տեր ենք կանգնելու մեր համալսարանին, մեր քաղաքին եւ մեր պետությանը:
Հայկական ինքնորոշված ուսանողների շարժումն ընդդեմ կամայականությունների կարող է իսկապես փոխել մեր երկիրը` բարձր կազմակերպվածության, օրինապահության եւ ինքնուրույնության շնորհիվ:
Մենք քաջալերում ենք ձեր արդար պայքարը եւ բաց ենք համագործակցության համար հանուն քաղաքացիական Հայաստանի եւ ինքնորոշված քաղաքացու:
Ինքնորոշված ուսանողնե՜ր, մենք ձեզ հետ ենք:
Չկա մի ուժ, որ կկանգնեցնի Հայաստանի հանրության ինքնորոշումը’:
Henaran.am-ին հաղորդում են քաղաքացիական նախաձեռնությունների մամլո գրասենյակից