Մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի
Ապրիլի 23-ին` ժամը 20:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ:
Ոգեկոչման արարողությունն արդեն նաեւ ԵՊՀ-ի պատերի ներսում է արվում: Յուրաքանչյուր ուսանող մոմ է դնում ճեմասրահի աստիճանների վրա, և ավելի քան 400 վառվող մոմերով կստացվի 97 թիվը եւ խաչ, որի մոտ հոգեհանգստյան արարողություն կկատարեն հոգևորականները` բուհերի ուսանողների ու երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագի մասնակցությամբ:
Մոմավառությանը ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 24-ի առավոտյան, ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի: