Վերջին զանգի նոր հոլովակը` վալսով եւ առանց ամրագոտու…./վիդեո/
Կրթության եւ գիտության նախարարությունը որոշել է այս տարի անակնկալ մատուցել շրջանավարտներին: Արմեն Աշոտյանի խոսքով, քանի որ անցած տարի շրջանավարտ չեն ունեցել, ապա այս տարի մի տեսակ “քաղցր ու տոնական” նվեր են անում: Նախարարությունը ներկայացնում է Վերջին զանգին նվիրված մի երգ, որում յուրաքանչյուրը կտեսնի իրեն: Խոսքի եւ երաժշտության հեղինակները` Լեւոն եւ Ժաննա Բլբուլյաններն են, երգը կատարում է Մհերը:
Մհերի խոսքով, մեղեդին ի սկզբանե գրված էր Նոր տարվա համար, բայց լսելով այն` առաջարկեց նվիրել Վերջին զանգին:
“Դե Բլբուլյանն էլ իմ “Ֆեյսբուքյան” էջին գրեց, պայմանավորվեցինք, հանդիպեցինք ու ծնվեց երգը”,-ասաց Ա. Աշոտյանը: Ըստ ռեժիսոր Արեն Բայադյանի, այստեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն, կարծես բոլորի պատմությունը լինի: Երգը արդեն ռադիոկայաններով հեռարձակվել է, եւ նախարարի խոսքով արձագանքները վատ չեն:
“Հնչեցին մեկ-երկու մեղադրանք, որ հնաոճ է, բայց կարծում եմ վալսը միշտ կա ու կմնա: Այդ հնչյունների տակ կարող եք սիրած աղջկան հրավիրել պարի, կարող եք մանկավարժին հրավիրել ու ասել սրտի խոսքը”,-նկատեց Աշոտյանը: Միակ թերությունը տեսահոլովակի ցուցադրումից հետ, ինչպես կատակով նկատեց Աշոտյանը, ավտոմեքենա վարող Մհերը ամրագոտի չէր կապել:
Նախարարությունը պետբյուջեից ոչ մի դրամ չի ծախսել հոլովակի վրա: Այն մոտավորապես արժեցել է 2,5 մլն դրամ եւ նախարարի կոչին արձագանքել են գործարարներ: “Նրանք չցանկացան, որպեսզի անունները գրվի, ու այստեղ կոմերցիա չկա, տոնի ֆորմատը պաշտպանել ենք: Շնորհակալություն նրանց, որ օգնել են”,-ասաց նախարարը: Ի դեպ, երգի ձայնային տարբերակը նախարարության կայքում է լինելու, եւ բոլորը կարող են իրենց սցենարներում օգտագործել:
Առաջարկվեց նաեւ մտածել Առաջին զանգին նվիրված երգը, որի համար նախարարությունը կհայտարարի մրցույթ: