Հայաստանի հույները սատարում են ՀՀԿ-ին
Ապրիլի 22-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը:
Է.Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաև իր հունական արմատներով:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական և ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում:
Պարոն Սավվիդին տեղեկացրեց, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն, կարողանան ինքնադրսևորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը, օգտակար լինել իրենց հայրենիքին:
Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլև համազգային նպատակների իրականացման հարցերում:
Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն:
Քննարկվեց նաև Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Է. Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է հույն և ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը:
Հանդիպմանը Իվան Սավվիդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն մաղթեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, իսկ Արկադի Խիտարովը հավաստիացրեց, որ Հայաստանի հունական համայնքը սատարում է ՀՀԿ-ին:
Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից