Միայն Տեր Պետրոսյանը
Ուշադիր հետեւում եմ քարոզարշավին, եւ կարծես թե միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է, որը դժգույն, սեւ փիարով է լցված: Ես տպավորություն եմ ստանում, թե նա խոսում է հակառակորդ պետության դիրքերից: Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով քարոզարշավին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը “եթե ժողովուրդն ընտրի Հանրապետականին, ապա Հայաստանը կվերածվի թուրքերի արոտավայրի”:
Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը “սիրահոժար” հրաժարական տվեց 1998թ-ին, իբրեւ գնում է հանգստի, բայց որոշ ժամանակ անց նա նորից հայտնվեց ռեւանշի համար, եւ այսօր քննադատում է իշխանություններին` պիտակներ ու մականուններ կպցնելով : ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը իբրեւ թե քննադատական մոտեցում է ցուցաբերում, բայց իրականում ասում է` ‘ լավ կլինի, որ հենց այդպես էլ լինի’:
‘Երբ 1998թ Հանրապետական կուսակցությունը դուրս եկավ ‘’Հանրապետություն’’ միավորումից, պատճառը հենց Ղարաբաղի խնդիրն է եղել, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ‘’Պատերազմ եւ խաղաղություն’’ հոդվածում ասում էր, որ Հայաստանը մտնում է փակուղի, որ տնտեսապես Հայատանը չի կարող զարգանալ, եթե Ղարաբաղը մնա այդ նույն կարգավիճակում: Այսինքն` պետք էր Ղարաբաղը դարձնել ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանը մի փոքր լավ կապրեր’,- ընդգծեց Ռ.Զոհրաբյանը, վերլուծելով ՀԱԿ առաջնորդի երբեմնի քաղաքական մոտիվացիան:
‘Ի՞նչ է ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բնականաբար ինքը գիտի, որ չի կարող գալ իշխանության, իրենք արդեն վերջացած քաղաքական ուժ են: Ովքե՞ր են անընդհատ հայհոյախառն քարոզչություն իրականացնում, ովքեր թույլ են, ովքեր կորցրել են մեծամասնություն ունենալու հնարավորությունը: Այնպես որ, նրանք անցած էտապ են’,- նշեց Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով, որ արտասահմանյան սոցիոլոգիական հետազոտությունները արդեն 3 տոկոս ձայն են կանխատեսում ՀԱԿ-ի համար, որովհետեւ քարոզչություն անել միմիայն սեւ փիարով, բացասաբար է անդրադառնում հենց իրենց վարկանիշի վրա:
Զոհրաբյանի համոզմամբ` ժողովուրդը միշտ վստահում է ուժեղին, այն լուրջ ուժերին, որոնք կարող են ժողովրդին պաշտպանել, եթե վաղը, Աստված մի արասցե, պատերազմ լինի, այն ուժերին, որոնք կարող են տնտեսությունը պահել, եւ սոցիալական խնդիրները լուծել:
‘Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարի հանգստացավ, հիմա քննադատում է մեզ: Ինչո՞ւ եմ ասում հանգստացավ, որովհետեւ նա ոչինչ չարեց իր պետության համար: Օրինակ` այլ պետություններում, երբ նախագահը իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո գնում է հանգստի, աջակցում է պետությանը որոշակի հարցերում, որովհետեւ ունի ֆինանսական հնարավորություն, կապեր:
Տեր-Պետրոսյանը ոչ մի բան չօգտագործեց իր պետությանը մի բանով օգնելու համար: Հարց է առաջանում` ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանն այս պետության համար: Մի՞թե այդ դատարկ բագաժից հետո կարելի է գալ ու շարունակել քաղաքական պայքարը, կամ հավակնել իրենց խոսքով` 50 տոկոս ձայների’,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: