Պահանջատիրության բոցը լուսավորեց Ծիծեռնակաբերդի երկինքը /վիդեո/
Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: Այն կազմակերպում է ՀՅԴ-ն եւ ինչպես նշում է Henaran.am-ի թղթակիցը, այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում հայեր աշխարհի բոլոր ծագերից:
”Կոչ եմ անում երիտասարդությանը մշտապես լինել պահանջատեր եւ պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար”,-ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ծիծեռանակաբերդում դաշնակցական երիտասարդները վառեցին Թուրքիայի դրոշը: Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեցին ազգային ազատագրական երգեր, մեկուկես միլիոն զոհերի հիշատակին վառվող ջահերը լուսավորեցին երեւանյան երկինքը: Երիտասարդները ոգեւորված էին` նրանց ելույթները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու ողբի լեզուն պահանջատիրության խոսքի վերածելուն էր ուղղված:
Ջահերով երթեր տեղի կազմակերպվեցին նաեւ Կապան, Սիսիան, Գավառ, Բերդ, Իջեւան, Աբովյան, Գյումրի, Հրազդան Արմավիր, Եղեգնաձոր եւ Ստեփանակերտ քաղաքներում, Ջավախքում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Արգենտինայում եւ Իրանում: