Մազմանյանը հեռացնում է պրոֆեսորներին. Ավանգարդ
Ըստ “Ավանգարդ”-ի, նշանավոր կինոգետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանին հեռացնում են ինստիտուտից: Վերջերս ուսանողներն ականատես էին եղել, թե ինչպես արվեստի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչը (ով ժամանակին, ինչպես պնդում էր ականավոր թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը` գիտական կեղծիք էր թույլ տվել) անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նշանավոր պրոֆեսորի հանդեպ եւ վիրավորել նրան:
Բայց, ինչպես պնդում են թերթի իրազեկ աղբյուրները, այս միջադեպը որեւէ կապ չունի ռեկտոր Արմեն Մազմանյանի “վճռական” տրամադրվածության հետ:
Նա որոշել է նոր ուսումնական տարվանից լուծարել մի շարք անվանի պրոֆեսորների աշխատանքային պայմանագրերը` այսպես բուհը գլխատելով, զրկելով նշանավոր մանկավարժներից: Ըստ նրա` սա կրթական բարեփոխում է, որի միջոցով նա, իբր, կամենում է հաստատել կրթության առաջավոր մեթոդներ: “Իսկ այդ առաջավոր մեթոդներից մեկն էլ այն է, որ նա ուսումնական աշխատանքների հարցով պրոռեկտոր է նշանակել մի մարդու, ով բուհական աշխատանքի փորձ չունի: Դե, հիմա կարեւորն այն է, որպեսզի “խանգարողներ” չլինեն եւ ավելի շատ լինեն հպատակվողները…”,-գրում է “Ավանգարդ”-ը: