Զոլյանը ռեկտորի պաշտոնակատարին աշխատասենյակ չի թողել
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրքերը դեռ չեն հանդարտվել: Չնայած այն փաստին, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 23.04.2012թ. 61-Ա1հրամանով մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը, համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը, բուհի նախկին ռեկտորը` Սուրեն Զոլյանը, շարունակում է զբաղեցնել ռեկտորի աշխատասենյակը:
“Նա չի լքում աշխատասենյակը: Ես հիմա նստած եմ Անգլերենի հաղորդակցման ամբիոնում: Ես փորձեցի ուղղակի, որպես ընկեր, մտնել եւ իր հետ զրուցել, սակայն նա չընդունեց ու ասաց, որ գնում է կոնֆերանսի: Նույն բանը երկրորդ անգամ էլ եղավ, բնական է, այլեւս չեմ փորձի”,-Henaran.am-ի հետ զրույցում իրավիճակն այսպես ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Գասպարյանը:
Գայանե Գասպարյանն այս հարցին լուծում տալու նպատակով առայժմ որեւէ միջոց չի պատրաստվում ձեռնարկել եւ գտնում է, որ այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան ատյանները: ”Ընդամենը պաշտոնակատար եմ եւ պետք է այնպես անեմ, որ ուսումնական գործընթացը կարգի ընկնի ու իր բնականոն հունով ընթանա”,- Henaran.am-ին ասաց Գայանե Գասպարյանը եւ հավելեց. “Բուհում այսօր տոն է, որ ես նշանակվել եմ որպես ռեկտորի պշտոնակատար: Ընդհանուր առմամբ, կոլետիվը երջանիկ է”:
Ռեկտորի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ որեւէ խնդիր չունի, բոլորն իրեն ընդունել են եւ ենթարկվում են իր հրահանգներին, ինչ վերաբերվում է ուսանողներին, տիկին Գասպարյանը նշեց. ”Ուսանողներին դեռ որեւէ հրահանգ չեմ տվել եւ չեմ էլ պատրաստվում տալ, թող իրենք հանգստանան”:
Գայանե Գասպարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, ուսանողները եւս իրեն մեծ ուրախությամբ են ընդունել, բայցառությամբ մի խումբ ուսանողների, որոնք “հրահրումներով են զբաղված”:
Ի դեպ, նկատենք, որ ԵՊԼՀ պաշտոնական կայք-էջում, որպես բուհի ռեկտոր, դեռեւս նշված է Սուրեն Զոլյանի անուն-ազգանունը, իսկ ռեկտորի պաշտոնակատարի նշանակման մասին խոսք չկա: Henaran.am-ի այս դիտարկմանը Գայանե Գասպարյանն ասաց, թե փոփոխությունները մոտակա ժամանակահատվածում կարտացոլվեն նաեւ բուհի կայքում:
Նշենք, որ Գայանե Գասպարյանը անգլերեն լեզվի մասնագետ է, 10 տարի շարունակ շխատել է որպես պրոռեկտոր: “Ես համալսարանում ծնվել-մեծացել եմ, այստեղ սովորել եմ, այստեղ ավարտել ու պաշտպանել: Սկսել եմ հենց Սուրեն Զոլյանի հետ, ուս- ուսի տված աշխատել ենք 10 տարի, լավ ընկերներ ենք եղել”,-իրեն այսպես ներկայացրեց ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: Գայանե Գասպարյանը դժվարացավ նշել, թե ինչպիսին են այսօր իր հարաբերությունները Սուրեն Զոլյանի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս հետ զրուցելու հնարավորություն այդպես էլ չի ունեցել:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց, որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում: Ի դեպ, մեկնաբանելով ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին տեղեկությունը, Սուրեն Զոլյանը այն “շոու” է անվանել: Սուրեն Զոլյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց: Պարոն Զոլյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: