Օլիգարխիայի դիակը հանձնեցին վարչապետին /վիդեո/
“Մահացել է նշանավոր Օլիկ Գարխյանը` Օլիգարխիան: Հուղարկավորությունը կազմակերպում են Մաշտոցի այգու ինքնորոշված քաղաքացիները ….”,-այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված Մաշտոցի այգու պաշտպաններն այս գրառմամբ թռուցիկներ էին բաժանում անցորդներին եւ հայտարարում, թե ”Օլիգարխիան այլեւս երբեք չի կարողանա վայելել իր օրհնած մենաշնորհը, չի կարողանա չվճարված հարկերով բարեգործություն անել, շքեղ բուտիկներ կառուցել մեր հանրային այգիներում եւ այլեւս երբեք մենք չենք տեսնի նրա անպատժելիությունը”:
Մաշտոցի այգու պաշտպանները կառավարության շենքի առջեւ էին բերել “Օլիգարխիայի դին”: Ակտիվիստների խոսքով, այն խորհրդանշում է օլիգարխիան եւ այն բոլոր բացասական երեւույթները, որոնք գոյություն ունեն մեր հասարակության մեջ: Սիմվոլիկ թաղման միջոցով երիտասարդները նպատակ ունեն թաղել այս բոլոր բացասական երեւույթները եւ ազատության ու արդարության վերածննդի հիմք ստեղծել:
Հիշեցնենք, որ Օլիգարխիայի հոգեհանգիստը ակտիվիստները կազմակերպել էին ապրիլի 22-ին` Մաշտոցի պուրակում:
Կառավարության շենքի մոտ հավաքված Մաշտոցի այգու պաշտպանները նաեւ նամակ էին պատրաստել վարչապետ Տիգրան Սարգսյանի համար: Նամակում ասվում է.”Ապրիլի 22-ին վախճանվել է Օլիկ Գարխյանը` ՀՀ վաստակավոր օլիգարխիան: Քանի որ նրան ծնել և սնել է ՀՀ կառավարությունը, նպատակահարմար ենք գտնում նրա դին հանձնել Ձեզ, քանի որ հանրությունը չցանկացավ նրա դին սեփական միջոցներով հանձնել հողին…”:
Բնապահպանների ակցիան ընդունելություն գտավ կառավարության շենքի առջեւ ամեն հինգշաբթի բողոքի դուրս եկած քաղաքացիների կողմից: