Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ զրպարտություններից
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
‘Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց:
Վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով սպրդում են տեղեկություններ, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների: Կարծում ենք` այդօրինակ տեղեկություններ տարածող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները քաջածանոթ են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով ՀՀ դատախազությանը վերապահված լիազորություններին, որոնց թվում է՝ հսկողության իրականացումը հետաքննության եւ նախաքննության օրինականության, ինչպես նաեւ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Բնականաբար հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս առանձին քրեական գործերով դատախազների կողմից ցուցումներ տրվում են մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների փոփոխության վերաբերյալ, որոշումներ կայացվում ինչպես որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու, այնպես էլ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերը նկատի ունենալով: Ավելին, տարբեր քրեական գործերով դատախազությունը նաեւ տրամադրել է տեղեկատվություն՝ իր այդ որոշումների մասին: Սահմանադրական իր գործառույթներն իրականացնելիս եղել են տարբեր միջնորդություններ տարբեր հանցագործների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսեւորելու կամ քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, որոնց դատախազությունը կարողացել է իր լիազորությունների շրջանակներում տեղի չտալ եւ առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ:
Ինչ վերաբերում է դատապարտյալներին պատժից վաղաժամկետ ազատելուն, ապա տեղեկացնում ենք, որ դատախազությունը նման գործառույթ չունի եւ որեւէ դատապարտյալ դատախազության որոշմամբ ազատ չի արձակվել:
Գիտակցում ենք, որ հանցավորության դեմ պայքարում, անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը կարող են առաջացնել տարբեր ուժերի դժգոհությունը եւ ընտրական այս փուլում փորձ է արվում դատախազության գործառույթները շահարկել քաղաքական նկատառումներով, ինչն անընդունելի է: Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին քարոզարշավն իրականացնել կոռեկտության սահմաններում եւ զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Եթե կան կասկածներ՝ այս կամ այն մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցների մասին դատախազության որոշումների օրինականության վերաբերյալ, ապա դատախազությունը կոչ է անում լինել առավել առարկայական եւ նշել կոնկրետ տվյալներ, որոնց առնչությամբ կտրվեն կոնկրետ պատասխաններ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնարարվել է ոստիկանությանը օրենքով սահմանված կարգով ստուգել ‘Հայկական ժամանակ’ օրաթերթում պատգամավորի թեկնածուներից մեկի հնչեցրած այն հայտարարությունը, թե հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, շտաբերի պետերին սպառնում են՝ ավտոմատները կախելով պատերից, եւ որ ինչ-որ ձայների քանակի դիմաց անձինք են ազատվում գաղութներից:
Լիահույս ենք, որ պատգամավորի թեկնածուներն ունեն այնքան պատասխանատվություն նախեւառաջ իրենց ընտրողների նկատմամբ, որ անհիմն հայտարարություններով հանդես չեն գա եւ իրավապահ մարմիններին կտրամադրեն այդօրինակ հայտարարություններով հանդես գալու հիմքերը: Դատախազությունը ինչպես մինչեւ ընտրական գործընթացի սկսվելը, այնպես էլ այդ ընթացքում եւ դրանից հետո շարունակելու է կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները’:
Henaran.am -ին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից