Հեղափոխությունը փողոցում շուռ տված տրամվայը բարիկադ սարքելն ու ազգովի իրար ծեծելը չէ. ընկեր Վահանի հեղափոխությունը
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը այսօր ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում համակիր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երիտասարդներին հորդորեց հանդիպումը դիտարկել ոչ միայն որպես նախընտրական հանդիպում, այլեւ որպես ծանոթություն անմիջական շփման միջոցով:
Վահան Հովհաննիսյանի խոսքով, ՀՅԴ-ական երիտասարդները, որոնք երիտասարդական խորհրդարանի ֆրակցիան են կազմում, իրենց` տարեցներին, հորդորել են ժամանակակից, մոդեռն միջոցներին` համացանցին առնչվել, նշեց, որ ՀՅԴ-ին երիտասարդները խորհուրդ-նամակներ էլ են ուղղում:
“Եղբայր, երիտասարդներ, եթե դուք տեսնում եք ՀՅԴ-ի մեջ բանալին, որով ՀՀ համար կարելի է նոր դռներ բացել, եկեք դուք տիրացեք այդ բանալուն, մտեք Դաշնակցություն եւ ինքներդ էլ արեք”,-ներկաներին դիմեց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց, թե սա ոչ միայն կոչ է, այլեւէ պահանջ: Նրա խոսքով, երիտասարդները հաճախ դժգոհում են, թե այս կամ այն գերատեսչությունը ճիշտ քաղաքականություն չի վարում ու կոչ արեց երիտասարդներին լինել հայ ժողովրդի ամենաակտիվ սոցիալական տարրը, ոչ թե ամենապասիվը, ինչպես այսօր է:
“Եթե մենք խոսում ենք բարեփոխումներից, տեսնում ենք, որ դրա մասին խոսում են ինչ-որ տարեց քեռիներ կառավարությունից”,-նկատեց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց, որ այսուհանդերձ երիտասարդությունն արթնանում է ` ի դեմս քաղաքացիական շարժումների: Չնայած դրան, ՀՅԴ-ական գործիչը համոզված է, որ երիտասարդությունն այսօր ոչ միայն Հայաստանի ճակատագիրը չի կարող տնօրինել, այլեւ սեփական ճակատագիրը:
Ըստ Հովհաննիսյանի, այսօր ուսխորհուրդների կլորիկ փորիկներով ու կուսակցանշաններով կարիերիստ երիտասարդները զավթել են դեպի իշխանություն տանող բոլոր կամուրջները:
“Հիմա ձեր ըմբոստանալու ժամանակն է: Հեղափոխությունը սկսվում է մայիսի 6-ին, հեղափոխությունը սկսվում է ձեր քվեարկությամբ, գոնե դուք` երիտասարդներդ, ի տարբերություն ավագ սերնդի, հեղափոխություն բառի իմաստը հասկանում եք ”,-նշեց Վահան Հովհաննիսյանը ու հավելեց, թե հեղափոխությունը “փողոցում շուռ տված տրամվայը բարիկադ սարքելն ու ազգովի իրար ծեծելը չէ”:
Հովհաննիսյանը շեշտեց, որ սա հեղաշրջումն է, իսկ հեղափոխությունը տեղի է ունենում մարդու ուղեղում: “Դուք պետք է հասկանաք, որ դուք ազատ եք եւ ուզում եք արդարություն: Մենք հասկացել ենք, որ առաջ Հայաստանը կարող է տանել ոչ երբեք այն ուժը, որը ամենից բարձր գոռում է դա, այլ երիտասարդությունը:
Մենք դա հասկացանք եւ դրեցինք մեր կարգախոսը` Ազատություն, արդարություն, դաշնակցություն”,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ ազատությունն ու արդարությունը միայն ՀՅԴ-ն կարող է տալ: