Եգիպտական արբանյակային հեռուստաալիքով Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է հեռարձակվել /վիդեո/
Ապրիլի 24-ին “ON TV Life” եգիպտական արբանյակային հեռուստակայանով կես ժամ տեւողությամբ արաբերենով հատուկ հաղորդում է հեռարձակվել Հայոց ցեղասպանության մասին: Հաղորդման գլխավոր հյուրը հայտնի հայագետ, ցեղասպանագետ պրոֆ. Մոհամեդ Ռեֆաաթ ալ-Իմամն էր, իսկ հեռախոսակապով մասնակցել են նաեւ Բեյրութից Հայ Դատի ներկայացուցիչ Վեռա Յակուբյանը եւ Անկարայից Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր
Մուստաֆա Իջիօղլուն:
Հաղորդման ընթացքում ցուցադրվել են ցեղասպանությանը վերաբերող կադրեր: Մ.Ռեֆաաթը հավուր պատշաճի ներկայացրել է 1915-ի իրադարձությունները` դրանք անվանելով “Ջենոսայդ”: Պատասխանելով Իջիօղլուի` թուրքական տխրահռչակ քարոզչությունից բխող “հայերն են թուրքերին կոտորել” վարկածներին` Ռեֆաաթը պարզաբանել է, որ երիտթուրքերը, լինելով 19-րդ դարում սկիզբ առած թուրքական ազգայնական գաղափարների կրողները, հետամուտ էին “Թուրքիան միայն Թուրքերի համար” գաղափարին: Օսմանյան կայսրության արեւելքում գտնվող վեց վիլայեթները, որոնք օսմանյան քարտեզներում նշվում էին որպես “Էրմենիստան”, բնակեցված էին հայերով, որոնք ծագումով ոչ մի կապ չունեին թուրքերի հետ: Ուստի, նրանք չէին կարող տեղ ունենալ
երիտթուրքերի պատկերացրած “զտարյուն թուրքական պետությունում”:
Դոկտոր Ռեֆաաթը հայերից ձերբազատվելու դրդապատճառներից մեկն է համարում նաեւ այն հանգամանքը, որ ազգային պետություն ստեղծելու համար անհրաժեշտ էր տիրանալ տնտեսական լծակներին, որոնք Օսմանյան կայսրությունում ամբողջովին գտնվում էին ոչ թուրքական տարի, հատկապես` հայերի ձեռքում: Առաջին համաշխարհային պատերազմը շատ հարմար առիթ էր հայերից ձերբազատվելու ծրագրի իրականացման
համար:
Եզրափակելով Մոհամեդ Ռեֆաաթը ասել է, որ հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդը` Թուրքիան կրում է Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը:
http://youtu.be/nUeqKTtISDI