Տուկի թելը ուժի մեջ է` ՀՅԴ-ն ի՞նչ անի
“Կուսակցությունը բարեգործական ֆոնդ չի, եթե այսօր այս կուսակցությունը ղեկավարում է մեծահարուստ, միլիոնատեր մարդ, որը իր գրպանից ինչ- որ սոցիալական հարցեր է լուծում, ակնոց է բաժանում, տուկի թել եւ այլն, ոչինչ չունեմ ասելու, բայց պատկերացրեք, որ կուսակցությունը ներքին դեմոկրատիա ունենա եւ մի երկու- երեք տարի հետո մեկ այլ նախագահ ընտրի, որը միլիոնատեր չէ, որտեղի՞ց է տուկի թել բաժանելու”,-այսօր երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է անում ՀՅԴ-ն երիտասարդների համար, որ երիտասարդներն իրենց քվեն ՀՅԴ-ին տան:
Վահան Հովհաննիսյանին հարց ուղղող աղջիկը, մասնավորապես, բերեց ԲՀԿ-ի օրինակն ու հայտարարեց, թե իրենց կուրսի երիտասարդներով երբ քննարկում են առաջիկա ընտրությունները, կարծիքներ են հնչում , որ ԲՀԿ-ն ուսանողության համար տրանսպորտի խնդիր է լուծում, ուստի, կարելի է ընտրել ԲՀԿ-ին:
“Հայաստանում, ցավոք, աղավաղված է կուսկացության իրական անելիքը, պատկերացումը կուսակցության դերակատարության մասին”,- շարունակեց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց, որ կուսակցությունը պետք է իր գործունեությամբ պարտադրի պետությանը` այդ խնդիրները լուծել:
”Պետք է պարտադրի, որ բոլորն ունենան եւ տուկի թել, եւ տրանսպորտի հարցը լուծվի եւ ակնոց ունենան: Սա է ճանապարհը, մյուս ճանապարհն, ի վերջո, տանում է փակուղի: Վերջապես, ոչ մի կուսակցապետ ագռավ չի, չորս հարյուր տարի չի ապրելու եւ պետք է քաղաքական հեռանկար ապահովի իր եւ այն իշխանության համար, որին ձգտում է”,-նշեց Վահան Հովհաննիսյան եւ հավելեց.”Իսկ եթե կուսակցությունը գրավում է մարդկանց քվեները միայն նյութականով, բացարձակապես առանց գաղափարի, այդ ազգը փչանում է, դառնում է միայն բնակչություն, որն անընդհատ ուզվորի նման պահանջում է”:
ՀՅԴ-ական գործիչը հավելեց, որ Հայաստանն այսօր հենց այդ վտանգավոր եզրին է հասել, որովհետեւ քաղաքական ուժերն ընտրել են այդ ճանապարհը: