Թուրքական խորհրդարանի պատգամավորը պահանջում է ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել
Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” քրդական կուսակցության անդամ Սիրի Սուրեյա Էոնդերը խորհրդարանում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցությունը փաստաթուղթ է պատրաստում, որով պետք է պահանջի Ազգային ժողովից ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել: Այս մասին տեղեկացնոմ է Ստամբուլում հրատարակվող “Մարմարա” հայկական թերթը:
Պատգամավորը հայտնել է նաեւ, որ ապրիլի 24-ին ինքը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությանը` ընդգծելով, որ “այդ հողում նման բան եղել է”` նկատի ունենալով ցեղասպանությունը:
“Մեր նախնիները ջարդեր են կազմակերպել: Դա աշխարհի բոլոր լեզուներով ցեղասպանություն է կոչվում: Ողջ ունեցվածքը եւ մշակութային ժառանգությունը կողոպտվել է: Այսօր փոխարենը պնդելը, թե մեր պապերը նման բան չեն արել, մենք պետք է անիծենք այն բոլոր մարդկանց, ովքեր դրա մասնակիցն են դարձել: Դրա հետ մեկտեղ պետք է հարգենք մեր այն պապերի հիշատակը, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն հայերի,”-հայտնել է Էոնդերը:
Պատգամավորը նաեւ ցուցադրել է այն հայերի լուսանկարները, ովքեր 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվել եւ սպանվել են թուրքական կառավարության կողմից` թուրքական խորհրդարանի պատգամավոր, մեծ գիտնական Նազարեթ Դագավերյանի, բանաստեղծներ Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի, իսկ վերջում` 2007-ին սպանված “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի լուսանկարները:
Էոնդերը հավելել է նաեւ, որ թուրքերի մտավախությունը, թե Ցեղասպանության ճանաչումից հետո հայերը ետ կպահանջեն իրենց հողերը, ստորություն է: “Եթե ցեղասպանություն է եղել, ուրեմն պետք է փոխհատուցվի վնասը, սակայն փողը երբեք չի կարող թեթեւացնել ցավը եւ կորուստը,”-նշել է պատգամավորը: