Արտակ Ալեքսանյանը տեղյակ է իր հասցեին հնչող քննադատության մասին
‘’Միշտ էլ հաղորդավարից լինում են դժգոհություններ: Ես կարծում եմ, որ ես արել եմ իմ աշխատանքը, հիմա հեռուստադիտողների մի մասը այն չի հավանել, իսկ մյուս մասը ոչ մի դժգոհություն գուցե չի ունեցել’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Արմնյուզ’’ լրատվական հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը` մեկնաբանելով երեկ իր մոդերատորությամբ Սամվել Ֆարմանյան-Վլադիմիր Կարապետյան հեռուստաբանավեճից հետո իր հասցեին սոցցանցերում սկսված քննադատական ալիքը: Վերջինիս մեղադրում էին անաչառ չլինելու` ՀՀԿ-ական թեկնածուին “պահելու” մեջ:
Ի՞նչ էիք մտածում այն ընթացքում, երբ թեկնածուները ‘’միմյանց ոչնչացնում էին’’, Henaran.am-ի հարցին Արտակ Ալեքսանյանը պատասխանեց. ‘’Մտածում էի ոնց անել, որ հնարավորին չափ նորմալ կազմակերպվի բանավեճը’’:
Անդրադառնալով հետագա քաղաքական հեռուստաբանավեճերին, Ալեքսանյանն ասաց, որ ‘’Արմնյուզ’’-ը հայտարարել է ու շարունակում է հայտարարել, որ բաց է այն հակադիր կողմերի համար, որոնք պատրաստ են նստել դեմ դիմաց ու բանավիճել:
‘’Եթե լինի համաձայնություն, ինչպես եղավ Սամվել ֆարմանյանի եւ Վլադիմիր Կարապետյանի դեպքում, իհարկե, կկազմակերպենք հեռուստաբանավեճ’’,- նշեց Արտակը: Մեր հարցին, արդյո՞ք հեռուստաբանավեճը կարեւոր անփոխարինելի մեթոդ է ընտրողներին կողմնորոշելու հարցում, Արտակ Ալեքսանյանը պատասխանեց.’’Բանավեճը լավ ավանդույթ է’’: