14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չենք հայտարարել, պառկել ենք ռելսերի վրա. “Ժառանգություն”/վիդեո/

Henaran.am-ի խնդրանքով ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` “Ժառանգության” հասցեին ուղղված վերջին հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, թե “Ժառանգությունը”, որ իրեն աշխարհի թիվ մեկ ընդդիմադիր ուժն է համարում եւ հայտարարում էր, որ ազատ ու արդար ընտրությունների համար պատրաստ է պառկել ռելսերի վրա, այսօր չի միացել նույն նպատակին հասնելու համար ստեղծված միասնական շտաբին:

Իսկ Լեւոն Զուրաբյանն այսօր միասնական շտաբի նիստին նշեց, որ շտաբին չմիանալու “Ժառանգության” քայլը հենց բնութագրում է “Ժառանգությանը”:

“Հումորով եմ վերաբերվում, ընդունում եմ, որ ուղղակի նախընտրական շրջանում պարզապես խայթոցներ են “Ժառանգության” հասցեին”,-մեկնաբանելով հայտարարությունները, Henaran.am-ին ասել է Ստյոպա Սաֆարյանը եւ հավելել, որ հասկանում է այս ամենի պատճառը` “Ժառանգությունն” այսօր ֆավորիտների առաջին եռյակում է:

“Իհարկե, հասկանում եմ, որ թե ՀԱԿ-ը, թե ՀՅԴ-ն առնվազն կցանկանային լինել այդ եռյակում, դրանով են պայմանավորված այդ քննադատությունները: Մենք երբեք չենք հայտարարել ռելսերի վրա պառկելու մասին, միշտ պառկել ենք առանց հայտարարելու, դա կլիներ մարտի 1-ին, փետրվարի 19-ին, երբ շատերը չկային, շատերը անհասկանալի տեղերում էին գտնվում, շատերի տեղը հայտնի չէր: “Ժառանգությունն” է, որ մշտապես եղել է”,- շարունակել է Ստյոպա Սաֆարյանը:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ հենց Լեւոն Զուրաբյանն էր ժամանակին այս կամ այն քաղաքական ուժի` ընդդիմություն լինելու չափանիշներ առաջ քաշել.

”Բազազը ծեծում է, Բազազը խփում է… Հիմա, եթե դատելու լինենք մեկ տարի առաջ Լեւոն Զուրաբյանի առաջ քաշած չափանիշներով, հենց ՀԱԿ-ը չպետք է ընդդիմություն համարվի: Ես դա չեմ անում, ուղղակի հիշեցնում եմ, որ ՀԱԿ ներկայացուցչի չափանիշները հաճախ են փոխվում: Ընդդիմության չափանիշներն ու ոճը չեն կարող ամեն օր փոխվել, չի կարելի քննադատությունը մեկ տարի առաջ այլ կերպ կառուցել, ընտրությունների նախաշեմին` մեկ այլ կերպ”:

Ստյոպա Սաֆարյանը հավելել է, որ պետք է ժողովրդի հետ ազնիվ լինել եւ մշտապես  նույն ոճով խոսել.”Իսկ եթե դա սեզոնների նման փոփոխական պետք է լինի, այդ դեպքում, ուղղակի գործ ունենք քաղաքական սեզոնայնության հետ”,-եզրափակել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը:

http://www.youtube.com/watch?v=2boMsVD71W4&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ