ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու Շուշան Պետրոսյանը սեր մաղթեց, իսկ կուսակցության առաջնորդի “ցավը տարան” /վիդեո/
Մինչեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ժամանումը Սպիտակ, հայ աստղերի հետ ելույթ էր ունենում նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀԿ համամասնական ցուցակի 16-րդ հորիզոնականում գտնվող Շուշան Պետրոսյանը: Նա ոչ մի քաղաքական կոչ չարեց, միայն սեր մաղթեց բոլորին` իր երգով, սեր միմյանց եւ երկրի նկատմամբ: Երբ կուսակցության առաջնորդը հասավ բեմ, շնորհակալություն հայտնեց էստրադայի աստղերին եւ սկսեց իր խոսքը:
Ըստ Սերժ Սարգսյանի, 1988 թվականի աղետի հետեւանքների մասին “նոր սերունդները միայն գրքերից պիտի իմանան: Մենք ասում ենք եւ հասցնում գործը հաղթական ավարտի”: “Դոմիկներում է մեծացել մի սերունդ: Եվ այդ “դոմիկները” մենք նոր սերնդին հանձնելու իրավունք չունենք` ուղարկում ենք պատմության գիրկը”,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, միայն պետության կողմից Սպիտակի վերականգնումը բավարար չէ. այդ գործին պետք է միանան բոլորը եւ կոչ արեց ակտիվության: “Եթե մարդը դիմում չի գրում, որ գան իր տունը կառուցեն, պետությունը քիչ անելիք ունի”,-ասաց նա: “Ցավդ տանեմ, քեզ պիտի ընտրենք”,-նախագահի ելույթի ժամանակ բացականչում էին սպիտակցիները:
Վանաձորում էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ կիսագրագետ եւ հետամնաց Հայաստան պարզապես չի կարող լինել: Ըստ նրա, գրագիտության մակարդակն է նաեւ սոցիալական անհավասարություն ծնող պատճառներից մեկը: Վանաձորցին միշտ գործել է այնպես, ինչպես իրեն է վայել եւ երկրաշարժից հետո էլ հերթական անգամ հարություն առավ քաղաքը, ժողովուրդը եւ Հայաստանը:
“Արդար վաստակն առաջին հերթին աշխատատեղն է, աշխատանքն է, արժանապատիվ աշխատավարձը: Ազատ վաստակը մեր արդյունաբերությունն է եւ գյուղատնտեսությունը, մեր հացն է: Մենք համոզված ենք, որ պետությունը պարտավոր է նորմալ պայմաններ ստեղծել նրանց համար, ովքեր աշխատում են եւ ցանկանում են եւ կարող են աշխատել”,-ասաց Սերժ Սարգսյանը:
http://youtu.be/zzuqh_9TUmM