28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հոգին գրպանը դրած … բաց նամակ Սերժ Սագսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

Շուրջ երեք տարի է ես՝ գործարար Սամվել Ջահանի Հարությունյանս, իմ բիզնեսը եւ ընտանիքս դարձել ենք Արտաշես Թումանյանի ագահության, դավաճանության եւ նենգության զոհը, զրկվել ենք աշխատանքից, կորցրել մեր հոգեկան հանգիստը, առողջությունը, սակայն մնացել ենք արժանապատիվ եւ մնալու ենք այդպիսին մինչեւ վերջ:

Վեց տարի աշխատել եմ Արտաշես Թումանյանին պատկանող ընկերության տնօրեն, որից չորս տարին խաբված եւ դավաճանված՝ անընդհատ սպասելով թիկունքից հարվածի: Իմ ապրած կյանքում չեմ տեսել այդքան ագահություն, ստորություն, չարություն, նենգություն, որքան տեսել եմ Արտաշես Թումանյանի հետ աշխատած տարիներին:

Այս անվերջ եւ անսահման կլանող արարածը՝ “խիղճը հանձնած երկաթե սնդուկին եւ հոգին գրպանը դրած”  օգտագործել է մեզ եւ դավաճանելով դեն նետել:

Այն ժամանակվա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտ. Թումանյանը հարկադրել էր Արամ Անանյանին «Վանշիկ» ԲԲԸ-ի սնանկացման հասցնելու գործով հրաժարվել հայցից եւ այդպիսով պետությանը պատճառել մեկ միլիարդ դրամից ավելի վնաս:

Գիտակցելով, որ իր կողմից պետբյուջեին հասցրած վնասի վկաները ես եմ եւ հանգուցյալ Արամ Անանյանը, ավելի ուշ՝ արդեն ոչ պաշտոնյա Արտաշես Թումանյանը սկսում է ահաբեկել Արամ Անանյանին, այդպիսով ապահովագրելով իրեն՝ պետության պատճառված վնասը հատուցելուց, եւ սկսում է մեթոդապես հետապնդել Արամ Անանյանին:

Անանյանին փրկելու նպատակով, նրա կենդանության ժամանակ ես գրավոր դիմել եմ Լոռու դատախազին, որ Անանյանին հարկադրել են դադարեցնել դատական պրոցեսը՝ նրան մղելով հանցագործության եւ պահանջել եմ բացահայտել նրան ահաբեկողներին, սակայն գործին ընթացք չի տրվել:

Փրկություն չգտնող Անանյանը ինքնասպան եղավ, ինչի պատճառը քաջ հայտնի էր թե ոստիկանությանը, թե դատախազությանը, սակայն իրավապահ մարմինները քողարկեցին այդ գործը՝ պետությանը պատճառելով հարյուրավոր միլիոնների վնաս: Անանյանից հետո հետապնդվելու հերթը իմն էր:

Սկսած 2008 թվից իմ դեմ հարուցվել է վեց քրեական գործ, մասնակցել եմ վաթսունից ավելի դատական պրոցեսների, ստացել եմ մոտ երկու հարյուրից ավել ծանուցումներ, արդեն երեք տարի չեմ աշխատում, փլուզվել է “Կարատ” ՍՊԸ-ն, որի բաժնետեր-տնօրենը ես եմ, ընկերությանը անօրինական կերպով մերժվել է հանքարդյունահանման արտոնագիր տրամադրելը, ես ապօրինի կալանավորվել եմ, ապա դատարանի արդարացման վճռով ազատվել: Թումանյանին հաջողվել է իր լայն կապերի շնորհիվ օգտագործել հարկային եւ դատաիրավական համակարգի մարմինների որոշ պաշտոնյաների:

Զուգահեռ նա լուծում էր նաեւ մի խնդիր, որով ապահովում էր իր մոնոպոլ դիրքը բազալտի շուկայում: Ամբողջ հարցն այն է, որ Լեռնապատ համայնքում “Կարատ” ՍՊԸ-ն վարձակալել է հողամաս, որտեղ առկա է բազալտի պաշար, իսկ Թումանյանին պատկանող “Քարաբերդ” ՍՊԸ-ին իմ քարհանքի շահագործումը ձեռնտու չէ եւ նա հերթական անգամ խախտելով Քրեական օրենսգիրքը՝ շուկայում ապահովում է իր մոնոպոլ դիրքը, այս անգամ էլ “Կարատ” ՍՊԸ-ի գույքը եւ բանկային հաշիվները կալանքի տակ դնել տալով:

Մեծարգո պարոն նախագահ

Եթե “Կարատ” ՍՊ ընկերությունը  2009 թվից աշխատեր, ապա պետական բյուջեին վճարած կլիներ առնվազն 120 միլիոն դրամ, քառասուն մարդու կապահովեր աշխատատեղով եւ ըստ ծրագրի արդեն խիճ կարտահաներ Վրաստան: Սակայն այսօր ընկերությունը չունի ոչ մի աշխատող, նրան պատկանող երկաթուղային կայարանը խոտով է ծածկվել եւ նրա միջոցներով հետախուզված հանքավայրը դարձել է դատական քաշքշուքների առարկա:

“Քարաբերդ” ՍՊԸ-ն նույն  հարցի շուրջ ընդդեմ “Կարատ” ՍՊԸ-ի եւ գյուղապետարանի ներկայացրել է բազմաթիվ հայցեր՝ խանգարելով եւ գյուղապետարանի աշխատանքին, եւ իմ բիզնեսին:

Տեսնելով, որ ես չեմ հանձնվում եւ պայքարում եմ իմ բիզնեսի եւ իմ արժանապատվության համար՝ Արտ. Թումանյանը կազմակերպում է իր “ասպետական” ոգուն համապատասխան մի նոր ակցիա:

Իր բոլոր հրահանգները կատարող հարկային քննչական մարմինները որեւէ հիմք չունենալով անգամ զանգահարելու իմ կնոջը, երեք ոստիկան են ուղարկում, որպեսզի տասներկու տարեկան տղայիս ներկայությամբ կնոջս անօրինական կերպով Վանաձորից բերման ենթարկեն Երեւան:

Իսկ ամենաանբարոյականն այն է, որ ինձ ուղղակի ասելով եւ անուղղակի ձեւերով շշուկներ տարածելով ինձ փորձում են հավատացնել, որ այս ամենը անում են ՀՀ նախագահը եւ նրա ընտանիքի անդամները՝ մասնավորապես փեսան:

Թումանյանն ուզում է այսպիսով երկու տեղ հարվածել՝ ստիպել ինձ հանդես գալ հրապարակային ելույթով եւ իմ միջոցով վարկաբեկել ՀՀ նախագահին, քանի որ խիստ դժգոհ է իր այժմյան կարգավիճակից: Սակայն ամեն մի մտածող մարդ կհարցնի, թե ինչ տրամաբանությամբ ՀՀ նախագահը պիտի հետապնդի շարքային մի մարդու, որին չի էլ ճանաչում:

2008թ. Նախագահական ընտրություններից առաջ Արտաշես Թումանյանն իր Երեւանյան գրասենյակից ինձ տվեց տեսասկավառակներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառերով եւ ասաց, որ տանեմ, Վանաձորում բաժանեմ: Իմ հարցին, թե բացահայտ բաժանեմ, պատասխանեց.

“Այո, բացահայտ եւ որքան հնարավոր է ագրեսիվ, քանի որ մեր մասնակցությունը ձեւական չի լինելու”: Քայլ առ քայլ նրա գործելակերպը եւ որոշ արտահայտություններ ինձ բերեցին այն մտքին, որ ինքը իշխանությունների հատուկ հանձնարարությունն է կատարում ընդդիմության շարքերում:

Այդպիսով ինձ ներքաշելով քաղաքականության մեջ՝ հետագայում ինձ պիտակավորեց որպես իշխանության թշնամի, մինչդեռ ես երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, իմ գործը եղել է բիզնեսը, որը Թումանյանի ջանքերով գնում է ոչնչացման:

Հազար թումանյան էլ լինի՝ իրեն հովանավորող դատախազների, ոստիկանապետերի, քննիչների բանակով, ես Հայաստանից գնացողը չեմ, աշխատելու եմ, աշխատատեղեր եմ ստեղծելու հանուն իմ եւ ոչ միայն իմ երեխաների ապագայի:

Ես հավատում եմ ինձ, հավատում եմ Ձեր խոսքին՝ այս երկիրը երկիր է, այս երկիրը մեր երկիրն է, այստեղից փախչելու ցանկություն չունեմ, ուզում եմ աշխատել եւ արարել իմ երկրում:

Խնդրում եմ Ձեզ, տեր կանգնեք ինձ նմաններին, մենք շատ ենք, բայց մեր ձայնը չի լսվում: Ես հավատում եմ, որ Դուք վճռական եք տեր կանգնելու մեր երկրի վաղվա օրվան: Ես հավատում եմ…

Հետգրություն

Մի բաց նամակում հնարավոր չէ սպառել Թումանյանի կողմից սնանկացրած ընկերությունների եւ աղքատության մատնված մարդկանց ցուցակը:

Նախագահին ուղղված մի նամակում հնարավոր չէ գրել Լոռու մարզում Թումանյանի կողմից սնանկացված, թալանված բոլոր ընկերությունների եւ մարդկային զոհերի մասին, որոնք են՝ նախկին հաստոցաշինական գործարանը /ի դեպ, այն կեղծ սնանկության է հասցրել երկու անգամ/, նախկին “Վանշիկ” ԲԲԸ-ն, որը պատկանում էր 374 մարդու, իսկ այժմ կեղծ սնանկության շնորհիվ փաստացի պատկանում է միայն մի մարդու՝ Արտ. Թումանյանին, “Տեխնոպրիբոր” գործարանը:

Մի առանձին արկածախնդիր պատմություն է “Ավտոգենմաշ” գործարանի սնանկությունների պատմությունը, որը մեկ անգամ սնանկացվել է Թումանյանի՝ որպես հարկային տեսչության պետի հանձնարարականով ստորագրված ակտով, իսկ վերջերս Թումանյանին պատկանող “Լիսամ” իրավաբանական ընկերության խորքերում մշակված հարձակողական ծրագրով նորից կանգնեց սնանկության առաջ՝ այս անգամ հաջողություն չունենալով:

Հարց ուղղենք իրավապահ մարմիններին, թե ինչ պատճառով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել այն պատասխանատու անձինք, որ Թումանյանին պատկանող ընկերություններում միայն վերջերս եղել է երկու նոր զոհ, որոնցից մեկը՝ ծառայողական հանցագործության՝ անօրինական պայթեցումների հետեւանքով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ