Ի՞նչ է նշանակում հայերի պոռնո ռեկորդը ինտերնետում
Ինչպես արդեն հայտնի է, “Գուգլ թրենս” համացանցային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում համացանցից օգտվողները պոռնոկայքերի վրա կատարած հղումների քանակով, այսինքն` այդպիսի կայքերի որոնման հաճախականությամբ, սկսած` 2004 թվականից, աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում: Հայաստանը հիշյալ ծառայության կողմից գնահատման 100 բալանոց համակարգով 100 բալ է ստացել:
Պոռնոկայքերի հայաստանյան սիրահարներին իրենց քանակով զիջում են նույնիսկ այդ առումով աշխարհի առաջատար համարվող երկրներում` Թուրքիայում, Պերուում, Ռումինիայում, Կոնգոյում, Վրաստանում համացանցից օգտվող և նշված կայքերով հետաքրքված անձինք:
Այնուամենայնիվ, առ այսօր դեռ սպառիչ բացատրություն տրված չէ, թե ինչո՞վ է պայմանավորված համացանցի հայաստանյան օգտատերերի սահմանած այդ ռեկորդը, և, ընդհանրապես, ինչո՞ւ են շատ մարդիկ հաճախում պոռնոկայքեր ամբողջ աշխարհում:
Իհարկե, միանշանակ իրավացի է հոգեբան Խաչատուր Գասպարյանը, որ պատճառները տարբեր են: Սակայն կա մի պատճառ, որին, կարծում ենք, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել:
Henaran.am-ի հետ զրույցում հոգեբանը հաստատեց այն ենթադրությունը, որ պոռնոտեսանյութեր դիտելն այդպիսի մարդկանց վրա ունենում է կարողունակությունը (պոտենցիան) և սեռական ցանկությունը խթանող ազդեցություն, տալիս գրեթե նույն արդյունքը, ինչ, օրինակ, “Վիագրան” և այդպիսի այլ պրեպարատներ: Կիսելով այս բացատրությունը և պոռնոկայքեր հաճախելը բացատրելով սեռաքաղցով, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը Henaran.am-ին ասաց.
-Դա մարդուն հնարավորություն է տալիս վիրտուալ ճանապարհով գրգռվելու, ոմանք երբեմն ունենում եմ, այսպես կոչված, վիրտուալ սեքս, բացառված չէ` նույնիսկ օրգազմի են հասնում, եթե պարբերաբար գրգռվում են այդ ճանապարհով: Առաջանում է խորը կախվածություն անիրական պատկերից, որը ևս սեռաբանական խնդիր է:
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ սեռական գրգռվածություն խթանող և կարողունակության բարձրացման համար նախատեսված պրեպարատների գնի համեմատ, պոռնոկայքերից օգտվելը գրեթե ձրի է. այդպիսի անվճար կայքեր այցելողները վճարում են միայն համացանցի ծառայությունից օգտվելու համար:
Բացի այդ, պոռնոկայքերի այցելուները կարողանում են գրգռման վիճակի հասնել` չօգտագործելով ինչ-ինչ պրեպարատներ, որոնցից շատերի վերաբերյալ լսել են, որ պարունակում են նաև քիմիական բաղադրատարրեր և առողջության համար, մեղմ ասած, այնքան էլ անվտանգ չեն, կարող են առաջացնել մինչև իսկ սրտի կանգ կամ շագանակագեղձի քաղցկեղ:
-Պոռնոկայքերից օգտվելը, անշուշտ, կարող է սեռականությունն ավելացնել,- ասաց Խաչատուր Գասպարյանը:- Մենք գիտենք, որ մեր զգայարաններից առավելապես կարևորություն ունի տեսողականը, այս դեպքում գումարվում է նաև լսողականը, եթե կա ականջակալ, կամ համակարգիչն այդ հնարավորությունն ընձեռում է:
Այսինքն` տեսողական ու լսողական ազդակները հանդես են գալիս միասնաբար, և այսօր մենք տեսնում ենք, թե մեր կյանքում որքան մեծ տեղ ունի վիրտուալ աշխարհը, վիրտուալ իրականությունը, որը սովորական իրականությունից հետաքրքիր է այն իմաստով, որ այնտեղ մենք հեշտորեն և արագորեն կառավարում ենք ինչ որ ուզենք: Օրինակ, երբ որ ուզենք, կարող ենք դադարեցնել և այլն:
Մարդը գտնվում է վիրտուալ աշխարհում, որտեղ երևակայական բավարարություն է առաջանում, որտեղ ինքը դառնում է ամենակարող արարած: Ինչքան էլ ձևացնենք, որ դա կարևոր չէ, մարդն ուտելու և սեռական առումով ամբողջ կյանքում չբավարարված էակ է, և այդ երկու անբավարարությունները կարիք ունեն նորանոր բավարարությունների:
Պոռնոկայքերից օգտվելը, սակայն, անվնաս կամ անվտանգ չէ: Այդպիսի կայքեր հաճախակի այցելելը կամ չարաշահելը ինչ-որ ժամանակ գրգռվածություն առաջացնելուց հետո, կարող է հոգեբանական հակառակ ազդեցությունն ունենալ և հակառակ արդյունքի հանգեցնել:
Մարդը չափից շատ տեսնելով ու լսելով պոռնոտեսանյութերով արտահայտվողը, այն իր համար դարձնելով չափազանց սովորական կամ առօրյական, կարող է դրանց նկատմամբ ոչ միայն անտարբեր դառնալ, այլև մասամբ կամ ամբողջությամբ կորցնել սեռական գրգռվածության հասնելու իր բնական կարողությունը, դառնալ անկարողունակ: Ըստ հոգեբանի, դա միանշանակ չէ, կախված է մարդու անհատական առանձնահատկություններից:
-Կարող են արդեն խնդիրներ առաջանալ իրական սեռական ակտի դեպքում, այսինքն` այդպիսի մարդը կարող է արդեն այնքան կապված լինել վիրտուալ սեքսի հետ, որ հետո, երբ որ առիթը գա իրական սեքսի, ինքն արդեն խնդիրներ ունենա` անկարողունակ լինի, խուսափի կամ հոգեբանական բարդույթ ունենա, որովհետև արդեն հետ է վարժվել իրական շփումներից:,- ասաց սեքսապաթոլոգը:
– Ընդհուպ հնարավոր է, որ այդ կադրերն էլ նրա մոտ սեռական գրգռվածություն չառաջացնեն, հարկ լինի պարբերաբար “դոզան” ավելացնել, եթե անընդհատ նույնն է, իր համար գուցե դառնա սովորական մի բան, և ինքն արդեն նմանաբնույթ կադրերից հետաքրքրություն չստանա, չգրգռվի: Մարդը դառնում է պաղած զգացմունքներով մի էակ:
Ս. Մինասյան