Բախվել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը. կան վիրավորներ
Ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Դեպքի վայրից News.armeniatv.com–ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել “Գազել” մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և “ՊԱԶ” մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է “Գազելի” վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղևորներ։
“ՊԱԶ”–ը վարել է “Այնթապ” գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Վարդազարյանը։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ “Գազել”–ի մեջ եղել են “Օրինաց երկիր” կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ “ՊԱԶ”–ը, որը ուսանողների անվճար երթևեկության համար է նախատեսված։
Վթարի հիմնական մեղավորը, ըստ հավաքվածների, եղել է “Գազել”–ի վարորդը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար «Գազել»–ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի