Օրհնյալ լինես … Սերժ Սարգսյանը Շիրակում է
“Օրհնյալ լինես” ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ասաց մի կին Արթիկում: Կիրակի նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզում է:
”Դուք ապրում եք մի երկրի հարեւանությամբ, որն անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որը միջոցներ չի խնայում խտրականության հարցում, որտեղ մերժվում է Ցեղասպանության փաստը եւ կեղծվում սեփական պատմությունը, ուր այսօր էլ շարունակվում է այդ քաղաքականությունը։ Հավերժ հնարավոր չէ ուրանալ։ Մի օր Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանության փաստը եւ որքան շուտ, այնքան շուտ կդասվի քաղաքակիրթ երկրների թվին։ Մենք մերժում ենք նրանց մեծամիտ եւ գոռոզ պահպվածքը, նրանց թելադրանքի, պարտադրանքի ու նախապայմանների լեզուն։ Մենք ասում ենք՝ համագործակցենք քաղաքակիրթ պայմաններում։ Մենք ասել ենք, որ Արցախի հարցում Թուրքիան ասելիք ու անելիք չունի։ Հանցագործության զղջմանը մենք պատրաստ ենք համարժեք քայլերով արձագանքել”,- ասաց Ս. Սարգսյանը։
Մարալիկի բնակչության հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ- ն ազնիվ է եղել, հավելելով, որ շարունակելով իր նպատակներում նույն ազնվությունը կուսակցությունը առաջիկայում շեշտը դնելու է տնտեսական աճի արդյունքների վրա:
Արդյունքում, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատելու, իր եւ իր ընտանիքի համար համապատասխան միջոցներ ստեղծելու։ Հայաստանը պիտի դառնա ոչ թե ներկրող, այլ ապրանքներ արտահանող երկիր: “Մենք չունենք նավթ ու գազ, մեր հիմնական հարստությունը մեր մարդկային ռեսուրսն է”,-ասաց ՀՀԿ նախագահը` կոչ անելով “հավատալ մեր ուժերին եւ նպատակներին”։