Ազգովի պիտի վերապատրաստվենք. Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ:
Սերժ Սարգսյանը դավթաշենցիներին ասել է, որ մինչ այժմ ինքը և Հանրապետականի իր կուսակից ընկերները նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են հանրապետության բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներում, և հաճելի է արդեն ավարտին մոտեցող քարոզարշավի ժամանակ տեսնել, թե ինչ հավատով են մարդիկ գալիս հանդիպումներին ու երկրում հետագա փոփոխությունների հույսը կապում Հանրապետական կուսակցության հետ:
Դա, ըստ կուսակցության ղեկավարի, և՛ չափազանց հաճելի, և՛ պարտավորեցնող հանգամանք է: ՀՀԿ նախագահի խոսքով, այժմ իր համար ավելի հստակ են թե՛ Հանրապետականի ծրագրերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն ու շահագրգռությունը, թե՛ ընտրողների ցանկություններն ու մտահոգությունները: “Այս ընթացքում ես և՛ս մեկ անգամ համոզվեցի, որ մեր և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական ուղեգծերը ճիշտ են:
Արդյունքներ, իհարկե, կան և այդ արդյունքները շոշափելի են, բայց բավարար չեն և առաջին հերթին բավարար չեն ու չեն գոհացնում հենց մեզ: Ամենուրեք ակնհայտ է փոփոխությունների ակնկալիքը, բայց նաև ակնհայտ է, որ փոփոխությունների իրականացումը ժողովուրդը կապում է կարող ուժի հետ”,-ասել է Սերժ Սարգսյանը:
Կուսակցության նախագահը նշել է, որ հարյուր հազարավոր մարդիկ՝ ամենատարբեր տարիքի ու մասնագիտության տեր, ովքեր որևէ կախում և քծնելու ու կեղծավորություն անելու հիմք չունեն, պարզ և շիտակ ասում են, որ տեսնում են մեր երկրի պրոբլեմներն ու համոզված են, որ դրանք կարող է լուծել հենց ՀՀԿ-ն: Նրանք չեն հավատում այն մարդկանց, ովքեր իրենց օգտին քվեարկության դիմաց խոստանում են մեկ շաբաթում, մեկ կամ երեք ամսում երկիրը դարձնել դրախտավայր:
Կառավարող քաղաքական ուժի ղեկավարը դավթաշենցիներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության՝ “Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար” կարգախոսի էությունը: “Մեր նպատակն է մարդկանց ապահովել աշխատանքով, արժանապատիվ վարձատրությամբ և բարելավել յուրաքանչյուրի կյանքի պայմանները: Հանրապետական կուսակցության ծրագիրը հենց դրա մասին է:
Դրանում փոփոխություններ են նախատեսված մեր կյանքի բոլոր ոլորտների համար”,-ասել է Սերժ Սարգսյանը և մայրաքաղաքի այս վարչական շրջանում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել կրթության ու առողջապահության ոլորտներում կուսակցության ծրագրերին, նաև այսօր իրագործվող քաղաքականությանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ոչ մրցունակ հասարակությունը չի կարող ապրել բարեկեցիկ ու հարմարավետ կյանքով, իսկ բարեկեցությունն ու հարմարավետությունն ունեն պարտադիր պայմաններ, որոնք, նրա համոզմամբ, պետք է կատարվեն:
“Ժամանակակից աշխարհում նույնիսկ լավագույն մասնագետները պարբերաբար վերապատրաստվելու անհրաժեշտություն ունեն: Ես խոսում եմ մի ամբողջ հասարակության վերապատրաստման մասին:
Պիտի վերապատրաստենք մեր մասնագիտական հմտությունները և մանավանդ` մեր իրավագիտակցությունը: Պիտի վերապատրաստվենք, որպես քաղաքացի և որպես պետություն: Պիտի վերապատրաստվենք, որ հավատանք մեզ, մեր այդ հավատը չափազանց անհրաժեշտ է:
Մենք պետք է հավատանք մեր ուժերին, մենք պետք է հավատանք մեր բռնած գործերին և մեր մրցունակությանը: Պիտի հավատանք, որ կարողանանք փոխել, փոխել և դարձնել ավելի լավ Հայաստան:
Մայիսի 6-ին, երբ կգնաք քվեարկության, մտածեք ավելի լավ, և ուրեմն` ավելի կրթված, ավելի մաքուր և ավելի բարեշեն Հայաստանի մասին, որտեղ ապրելու ենք մենք և մեր ընտանիքները, մեր երեխաները”,-դավթաշենցիներին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: