14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մաշտոցի պուրակում նյարդերը տեղի են տալիս /վիդեո/

Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

‘’Ոստիկանությունը հարձակվել է, բռնություն է գործադրել եւ ձերբակալել է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Արդեն ավելի քան 80 օր է, ինչ մենք` Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներս, Մաշտոցի պուրակում պայքարում ենք մեր հանրային տարածքի պաշտպանության, հանրային սեփականության վերանվաճման եւ մեր սահմանադրական իրավունքները կենսագործելու համար: Այս ընթացքում մենք կիրառել ենք իրավական եւ քաղաքացիական խաղաղ պայքարի բազմաբնույթ մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն եւ դիմադրություն, հետեւողական գործընթաց ենք ծավալել մեր իրավունքները պաշտպանելու եւ նվաճելու համար:

Երեւանի քաղաքային իշխանությունները եւ ՀՀ կառավարությունը այս ընթացքում չեն կարողացել ադեկվատ իրավական ու քաղաքական արձագանք եւ լուծում տալ: Մինչեւ օրս իշխանությունները հանրությանը չեն տրամադրել բազմաթիվ տեղեկություններ եւ փաստաթղթեր Աբովյան փողոցում տեղադրված խանութների եւ Մաշտոցի պուրակի գործընթացների օրինականության վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ քաղաքապետի եւ ՀՀ կառավարության որոշումների հետեւանքով արդեն 80 օրից ավելի է, որ հարյուրից ավելի ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, երբեմն նաեւ հատուկ ռազմական պատրաստությամբ, օր ու գիշեր պահակություն են անում ապօրինի շինություններում` պաշտպանելով ապօրինի որոշումները եւ մասնավոր անձանց ոչ իրավաչափ շահերը՝ ի հաշիվ հանրայինի:

Այսօր, ապրիլի 29-ին, ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ բռնի ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաեւ անձամբ հրամանատարական անձնակազմից Ռ. Մելքոնյանը, Կ. Մովսիսյանը եւ Վ. Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին եւ առգրավել երկու վրան: Բռնությունների հետեւանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի եւ ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության եւ բուժօգնության համար:

Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա եւ հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը եւ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա եւ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման եւ իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու եւ մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը, եւ ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը:

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների եւ ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչեւ վերջ տեր ենք կանգնելու հանրային տարածքին եւ սեփականությանը, հասնելու ենք պուրակում գտնվող կրպակների եւ մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը: Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների եւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ