Ոստիկանությունը պարզաբանում է ընտրացուցակների անճշտությունները
2012 թ. մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել եւ մշակվել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:
Ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել:
Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:
Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության եւ պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում:
Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող ‘Թեժ գիծ’ ծառայության միջոցով ստացվել է 134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ: Այսպես.
ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ – 19,
ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ – 1,
այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ – 40,
ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ – 9,
հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ – 61,
հասցեի բացակայության վերաբերյալ – 1,
ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաեւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ – 65
Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ:
ՀՀ ոստիկանությունը վերստին հիշեցնում է. չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի:
Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից