Երկնքից աստղեր չիջեցնելով` Հանրապետականը լավ հանգրվան է խոստանում
“Հանրապետական” կուսակցությունը եթե ասեմ երկնքից աստղեր է իջեցրել, ճիշտ չի լինի, բայց ինչ-որ բան արվել է, եւ մենք գիտենք կարեւորը` ինչ ենք ուզում ապագայի համար”: Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Մասնավորապես Եղվարդում նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն լուծում է մեծ ու մանր խնդիրներ, որոնք ոմանց կարծիքով` գործ չեն: Բայց “Հանրապետականի” համոզմամբ` պետք է սկսել փոքր ծրագրերից նաեւ, որոնք հետագայում մեծ նախագծեր կդառնան:
Նորհաճնցիների հետ հանդիպմանը իշխող կուսակցության նախագահն առաջարկեց նայել շուրջը եւ անպայման կտեսնեն, որ փոփոխություններ կան` 4 տարի առաջ , 1 տարի առաջ այսպես չէր: Ըստ Սերժ Սարգսյանի` կուսակցության կարգախոսը` “հավատանք, որ փոխենք”, իրենց ցանկությունն է, որ պիտի դառնա բոլորի ցանկությունը, որպեսզի երկրում “շատ բան փոխենք, լավ երկրում ապրենք”:
Սերժ Սարգսյանի խոսքով` “Հանրապետականը” փորձ է կուտակել , հմտություններ է ձեռք բերել եւ դրանք պետք է օգտագործել երկրին օգուտ բերելու համար: Իսկ դրա համար նախագահը խնդրեց ընտրողներին քվեարկել “Հանրապետական” կուսակցության օգտին, որպեսզի “բոլորով հասնենք մի հանգրվանի, որից ինքներս գոհ ենք լինելու”:
” Մեկ տարի հետո, 2 տարի հետո, նույնիսկ 3 տարի հետո, էական տարբերությունները դուք ինքներդ զգալու եք”,-հավաստիացրեց Սերժ Սարգսյանը: