‘ՀՀ նախագահը կարողանում է պաշտպանել ԼՂ հարցը, ես պատրաստ եմ կանգնել նրա կողքին’ Ռազմիկ Դավոյան
Ուրախալի է, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերը հակված են կարծելու, որ այս ընտրություններն առավել ազատ ու արդար են անցնելու: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:
Նրա խոսքով` հայ ժողովրդին ճիշտ ընտրություններ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանում անցկացվող ընտրությունները կարող են ազատ, արդար, թափանցիկ լինել, բայց ճիշտ լինել ոչ միշտ է ստացվում:
Անդրադառնալով ընտրակաշառքներին, Ռազմիկ Դավոյանը կարծիք հայտնեց, որ դրանց դեմն առնելն անհնար է, քանի որ քաղաքական ուժերի՝ ամեն կերպ իշխանության գալու կիրքը ոչ մի բան չի կարող զսպել: Բոլոր ճառերն ու խոստումները հենց սրան են ուղղված:
Դավոյանի խոսքով՝ ընդդիմության մեջ կան կարող ուժեր, որոնց ինքը բարեկամաբար է վերաբերվում: ‘’Սակայն ընդդիմության մեջ չեմ տեսնում մեկին, որ պաշտպանի ԼՂ հարցը, մինչդեռ ՀՀ նախագահը կարողանում է անել դա: Նա սթափ, հավասարակշիռ, խիզախության տեր մարդ է: Այս տեսակ ներդաշնակություն դժվարանում եմ մեկ այլ անձի վերագրել: Ես պատրաստ եմ կանգնել նրա կողքին, սակայն տեսնում եմ, որ իշխանությունն առանց ինձ էլ յոլա է գնում’’,- ասաց Ռազմիկ Դավոյանը:
Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ ժողովրդին բզկտողն ու բաժան-բաժան անողը կուսակցություններն են:‘’Կուսակցություններից յուրաքանչյուրը գոռում է, որ ինքն է ամենալավը, որ ժողովուրդն իրեն ընտրի: Ես մոմերն առած՝ կգնամ այն կուսակցության դուռը, որը հանուն հայ ժողովրդի միասնության կլուծարվի’’,- նշեց գրողը:
Նա չբացառեց, որ քաղաքական որոշ ուժեր հետընտրական շրջանում կարող են սադրանքների գնալ: ‘’Վստահաբար, մարտի 1-ը ընդդիմության սադրանքների հետեւանք էր: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չհորդորեր՝ գնացեք, ջարդեք խանութները, երշիկ-մերշիկ, կոնֆետ տարեք, նման բան չէր լինի’’,- ասաց Դավոյանը: