ՀՀԿ-ն 66-ից ավելի տեղ կունենա ապագա ԱԺ-ում. Շարմազանով /վիդեո/
“Քարոզարշավն անցնում է հանդարտ եւ կոռեկտության սահմաններում: Դա նաեւ շնորհիվ իշխող քաղաքական ուժի է, որը չի տրվում քաղաքական այս կամ այն ուժերի կողմից հնչող պրովոկացիոն հայտարարություններին”, -այսօր Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
“Մենք որպես երկրի նախագահի գլխավորած կուսակցություն, որը պատասխանատու կուսակցություն է, գտնում ենք, որ կյանքը մայիսի 6-ին չի ավարտվում”,-նշել է ԱԺ փոխխոսնակը եւ հավելել.”Մեզ Պյուրոսյան հաղթանակներ պետք չեն, մեզ համար թիվ մեկ հաղթանակը նորմալ ընտրությունների անցկացումն է, որպեսզի մենք կարողանանք ապացուցել ինքներս մեզ`մեր ժողովրդին, ինչու չէ նաեւ մեր արտասահմանյան գործընկերներին, որ Հայաստանը կարող է կազմակերպել եւ անցկացնել ժողովրդավարական ընտրություններ”:
Շարմազանովը շեշտել է, որ քաղաքական մեծամասնությունը` ՀՀ եւ ՀՀԿ նախագահի գլխավորությամբ, ցույց տվեց, որ հանդուրժող է, պատրաստ է լսել քննադատությունը եւ կարող է գոտկատեղից ներքեւ հարվածների փորձին շատ դիպուկ պատասխան տալ, բայց չանցնելով կոռեկտության սահմանները:
“Ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ է ընթանում քարոզարշավը, չնայած եղան ուժեր, որոնք օրվա առաջին կեսը իշխանություն են, երկրորդ կեսը` ընդդիմություն կամ հակառակը: Դա էլ է մարտավարական խնդիր: Մենք ժողովրդի հետ ազնիվ ենք եղել եւ այդ ազնվության շնորհիվ է, որ մեծամասնությունն իր ձայները տալու է մեզ”,-նշել է Շարմազանովը:
ՀՀԿ-ի շանսերը ԱԺ փոխնախագահը նախկինի պես ծանրակշիռ է գնահատում եւ նշում է, որ դրա վառ արտացոլումը կուսակցության առաջնորդի նախընտրական հանդիպումներն են, որոնք Շարմազանովի խոսքով, ամենաբազմամարդն ու արդյունավետն են.“Մեր հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդն իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ եւ իր ձայնը տալու է ամենաազնիվ, փորձառու եւ ամենավստահելի ուժին: Երկրորդ, բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ՀՀԿ-ի վարկանիշն աճում է”:
Շարմազանովի կանխատեսմամբ, ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով կհավաքի նվազագույնը 37-40 տոկոս ձայներ, իսկ մեծամասնականով կունենա 25-ից ավելի մանդատ, ընդհանուր առմամբ ապահովելով իր համար 66-ից ավելի տեղ խորհրդարանում. “Սա ոչ թե կանխատեսում է, այլ իրատեսական է: Մայիսի 6-ին կտեսնեք”:
Մյուս քաղաքական ուժերի շանսերը մեր զրուցակիցը չի գնահատել, նշելով, որ ”սոցիոլոգներն արդեն գնահատել են”: ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ շատ բան կախված կլինի քարոզարշավի վերջին շաբաթից, հատկապես այն ուժերի համար, որոնք 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր ունեն: “Եթե այս դինամիկայով գնա, պառլամետական ուժերը շանսեր ունեն: Ամենակարեւրը սակայն, այն է, որ մայիսի 7-ը բոլորս դիմավորենք համերաշխ` անկախ նրանից, թե ՀՀԿ-ն երկու պատգամավոր ավել կունենա, թե պակաս”, -Henaran.am-ին ասել է ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ի տարբերություն նախորդ ընտրույթունների, այս ընտրություներում անձնական բնույթի վիրավորանքներ, ֆիզիկական ուժի գործադրում չկա, հեռուստաընկերություններն շխատում են օբյեկտիվ, իրավապահ համակարգը նույնպես` արագ արձագանքելով ցանկացած խնդրի: Մի խոսքով, “ժողովրդավարական պետության հոտ է գալիս’’: