Հանրապետականի ղեկավարը հավատում է իր ուժերին, որ Հայաստանը դրախտավայր կդարձնի
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում լինելով Կոտայքի մարզի մի քանի համայնքներում` օրվա վերջին հանդիպեց Ավան վարչական շրջանի ընտրողների հետ: Մի քանի օր է մնացել ընտրություններին: ՀՀԿ առաջնորդի
խոսքով` եթե ոչ բոլորը, ապա շատերը լրջորեն մտածել են, թե ում են ընտրելու եւ մտքում արդեն քվեարկել նե նրանց օգտին. “Բայց ՀՀԿ-ն շարունակում է քարոզարշավը եւ անկախ ընտրողի որոշումից ՀՀԿ-ն իր պարտքն է համարում հանդիպել բոլոր ընտրողների հետ, քանի որ գալիք խորհրդարանը լինելու է բոլորի խորհրդարանը,”-ասաց Սերժ Սարգսյանը:
Իշխող կուսակցության ղեկավարի խոսքով` մայիսի 6-ը պիտի լինի համերաշխության , ոչ թե թշնամանքի ավելացման օր: Կարեւորը այդ օրը միասնության հասնելն է:
Սերժ Սարգսյանը նշեց, որ ճիշտ է` մայիսի 6-ին որոշվելու է , թե որ քաղաքական ուժն է ղեկավարելու Հայաստանը, որ քաղաքական ուժն է ձեւավորելու կառավարությունը, բայց մայիսի 6-ը աշխարհի վերջը չի լինելու: ՀՀԿ առաջնորդի խոսքով` իրենց կուսակցությունը առաջատար ուժ է, որ չի առաջնորդվում անձնական շահերով եւ հաշվետու է բոլորին:
Անդրադառնալով համայն հայության մայրաքաղաք Երեւանին` Սերժ Սարգսյանը առանձնացրեց մայրաքաղաքային խնդիրների 2 խումբ` Երեւանի բեռնաթափումը դեպի մարզեր, մայրաքաղաքի կենտրոնի պատմաճարտարապետական պահպանումն ու վերականգնումը: “Սակայն սրանով չեն ավարտվում խնդիրները, դրանք նորից են սկսվում: Երեւանը պետք է հիացնի եւ զարմացնի հյուրերին”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հանրապետական կուսակցության ղեկավարը ցանկանում է ավելի լավ Հայաստան բոլորի համար, նույնիսկ մրցակիցների համար եւ գտնում է, որ արդեն բավարար է, որ արել ենք ուրիշների համար, վատ չէ ուրիշների համար անելը, բայց հիմա պետք է աշխարհին ապացուցենք, թե ինչ կարող ենք անել ինքներս մեզ համար”:
Նա կոչ արեց հավատալ այդ նպատակին եւ կգա լավ Հայաստանը բոլորի համար: ”Ես իմ ուժերին հավատում եմ, ես հավատում եմ նաեւ ձեզ, որ դուք լավ կաշխատեք: Ես հավատում եմ, որ մայիսի 6-ի ընտրությունները Հայաստանը դրախտավայր կդարձնեն”,-ավանցիների հետ հանդիպումը ավարտեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: