“Մի մոռացեք, ավարտական դասարաններում 18-ամյա աշակերտներ կան”. ուսուցչուհին պարպեց սրտի խոսքը
“Տղա ջան, լրագրո՞ղ ես”,-Գառնիում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հարցրեց մի տիկին: Դրական պատասխան ստանալուց հետո նա խնդրեց ընդամենը երեք րոպե լսել իրեն:
“Նախ ասեմ, չեմ ներկայանալու, միայն ասեմ, որ 32 տարի մանկավարժ եմ աշխատում, ուղղակի միշտ արդեն մի քանի օր է ուզում եմ մեկին ասել չի ստացվում”,-ասաց մանկավարժ տիկինը: Նրան զարմացրել էր քաղաքական որոշ ուժերի եւ մի քանի լրատվամիջոցների դիտարկումը, թե նախընտրական հանդիպումներին աշակերտներ են մասնակցում: Մանկավարժի խոսքով, իհարկե, պիտի մասնակցեն:
“Մի մոռացեք 12-ամյա կրթություն է, ու կան աշակերտներ, որոնց 18 տարեկանը լրացել է, եւ քվեարկելու իրավունք ունեն: Մի կոտրեք նրանց, առաջին անգամ են ընտրելու, ու կան տղաներ, որ միանգամից վերջին զանգից հետո բանակ են գնալու”,-իր մտահոգությունը հայտնեց Henaran.am-ի զրուցակիցը:
“Գտնում եմ, որ պիտի նրանք լսեն ու կողմնորոշվեն: Էս երկիրը նաեւ նրանցն է, եւ նրանք են ապագայում ապրելու բարգավաճ, օրինաց, փոխված, վստահելի երկրում: Ուրեմն թող որոշեն եւ ընտրեն”,-ասաց վաստակաշատ մանկավարժը: