26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը` ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցածի մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘2012 թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում մի խումբ անձինք, մետաղյա արգելափակոցները տապալելով եւ ոստիկանների պահանջներին չենթարկվելով, ձեռնարկել են ժամանակավոր տեղեդրված տաղավարներն ապօրինի ապամոնտաժելու հերթական փորձը, որը կարճ ժամանակում կանխվել է ոստիկանության կողմից:

Օգտվելով ստեղծված իրավիճակից` նույն պուրակում բողոքի ցույց իրականացնող անձանց մեկ այլ խումբ պուրակի տարածքում կամայական տեղադրել է վրան: Անտեսելով վրանը հանելու վերաբերյալ ոստիկանների պահանջները, նշված անձինք դիմադրել են վրանը հանելու փորձ կատարող ոստիկաններին, որն էլ վերաճել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու:

Ապօրինի գործողությունները կասեցնելու եւ պուրակի տարածքից վրանի դուրսբերումն ապահովելու նպատակով՝ ոստիկանության աշխատակիցներն առանց հատուկ հնարքների կամ միջոցների գործադրման, հավաքի անցկացման վայրից հարկադրաբար դուրս են բերել դիմադրություն ցույց տվող անձանց եւ հանել տեղադրված վրանը: Սակայն քիչ անց, դարձյալ չենթարկվելով վրան չտեղադրելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին, հավաքի որոշ մասնակիցներ նոր վրան են տեղադրել, որը ոստիկանության աշխատակիցների կողմից եւս դուրս է հանվել պուրակի տարածքից: Ավելի ուշ վերոնշյալ միջադեպի առանձին մասնակիցներ բերման են ենթարկել ոստիկանություն:

Բերման ենթարկված բոլոր անձանց իրական հնարավորություն է ընձեռնվել արդյունավետորեն օգտվել իրավաբանական եւ բժշկական օգնություն ստանալու իրավունքներից, իսկ անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ կատարելուց անմիջապես հետո նրանք ազատ են արձակվել:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել հետեւյալը.

1/ Դեռեւս սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը հանելուց հետո ոստիկանությունը հանրային հայտարարություններ անելու եւ կլոր սեղաններ անցկացնելու միջոցով բազմիցս տեղեկացրել էր, որ առանց հատուկ թույլտվության հասարակական վայրերում վրաններ կամ այլ առարկաներ տեղադրելն իրավաչափ չէ եւ օբյկետիվորեն դուրս է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունից:

Ուստի, ապրիլի 29-ի հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները քաջատեղյակ են եղել կամ առնվազն պետք է ողջամտորեն ակնկալեին, որ նման գործողությունները հանգեցնելու է համարժեք հակազդեցության (հետեւանքի), որպիսի պայմաններում վրանի տեղադրման փաստն ինքնին ոստիկանությունը գնահատում է որպես միջանձնային բախումներ հրահրելու նպատակ հետապնդող հերթական սադրանք:

Ոստիկանությունը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ իր որդեգրած միասնական գործելակերպին համահունչ, չենթարկվելով որեւէ սադրանքի, բացառապես իրավաչափ եւ համարժեք միջոցներով կանխելու, կասեցնելու կամ խափանելու է յուրաքանչյուր իրավախախտում, որն ուղղված կլինի բնապահպանական խնդիրներին առնչվող կամ չառնչվող ցանկացած իրադարձության ընթացքում չարդարացված լարվածություն ստեղծելուն:

2/ Ոստիկանության Կենտրոնականի բաժին ապրիլի 29-ին բերման են ենթարկվել միջադեպի ընթացքում ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսեւորած առավել ակտիվ յոթ անձինք, որպիսի հանգամանքն ինքնին չի հաստատում հավաքի այլ մասնակիցների գործողությունների իրավաչափ լինելը

Ոստիկանությունը, լիովին վերահսկելով իրադրությունը, համաչափության եւ լարվածության թուլացման սկզբունքներին համապատասխան, ձեռնարկել է բացառապես իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներ, որոնք տակտիկական նկատառումներով նախ եւ առաջ ուղղված են եղել առճակատման եւ բռնության կիրառման վտանգների նվազեցմանը:

Նման գործելակերպն առաջնահերթ կլինի ոստիկանության համար այնքան ժամանակ, քանի դեռ հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների հակաօրինական գործողությունները չեն հանգեցնի հավաքի կարգավիճակի օբյեկտիվ փոփոխությանը:

3/ Ոստիկանությունն ափսոսանքն է հայտնում, որ առանձին քաղաքական ուժեր, փորձելով ներթափանցել պետական իրավասու մարմինների մասնագիտական գործունեության ոլորտ, իրենց իրավունք են վերապահել բացասական որակումներ տալ Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողություններին: Ոստիկանությունը հույս է հայտնում, որ այդ ուժերը կամ անձինք նման քայլով նպատակ չեն հետապնդում խրախուսել կամ քաջալերել ինքնիրավ գործողություններ ձեռնարկելու եւ իշխանության ներկայացուցիչներին ոչ իրավաչափ ֆիզիկական դիմադրություն ցույց տալու գործելակերպը, ուստի այսուհետ ողջամտորեն ձեռնպահ կմնան ոչ միանշանակ ընկալվող հայտարարություններ անելուց’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ