Վահան Հովհաննիսյանը չբացառեց, որ ՀՅԴ-ի թեկնածուն 2013-ին կլինի ոչ դաշնակցական /վիդեո/
“Այդ հարցը չի քննարկվել: Դաշնակցությունը, ի տարբերություն շատ քաղաքական ակումբների կամ միավորումների, իսկական կուսակցություն է եւ առաջնորդվում է ընդհանուր որոշումներով: Նման ընդհանուր որոշում մեր թեկնածուի վերաբերյալ այս պահին գոյություն չունի, դրա համար ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել”, -այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում որպես ՀՅԴ թեկնածու հանդես գա ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու վերջինիս մտադրությունների մասին մամուլը գրեց: Վարդան Օսկանյանն էլ , ի դեպ, այդ մասին հարցերը ոչ հերքում է, ոչ` հաստատում:
Վահան Հովհաննիսյանից փորձեցինք պարզել ՀՅԴ-ն արդյո՞ք քննարկել է` նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, թե գուցե կսատարի մեկ այլ թեկնածուի: “Մենք կունենանք մեր թեկնածուն: Երբ Դուք ասում եք սեփական թեկնածու, անպայման նկատի ունեք նրա կուսակցական պատկանելությունը, բայց թեկնածուն կարող է նաեւ քո կուսակցության անդամ չլինել, այդպես էլ է լինում”,- պատասխանել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, թե ասվածն, այդուհանդերձ, ոչ թե պատասխան, այլ` մտորում է, որովհետեւ չի կարելի պատասխանել մի հարցի, որը կուսակցության ղեկավար մարմիններում կամ շրջանային ժողովում չի քննարկվել:
Վահան Հովհաննիսյանը, միեւնույն ժամանակ, հիշեցրեց, որ ՀՅԴ համամասնական ցուցակում, օրինակ, կան ոչ դաշնակցականներ: Henaran.am-ը հետաքրքրվեց, իսկ հնարավո՞ր է, որ 2013 թ նախագահական ընտրություններում ոչ դաշնակցականների ցանկը համալրվի նաեւ ՀՀ երկրորդ նախագահով:
Վահան Հովհաննիսյանն ուշագրավ պատասխան տվեց: Նա նախ մեր հարցին հարցով պատասխանեց, թե երկրորդ նախագահն ո՞ք է: Իր հարցադրման պատասխանը հիշելուց հետո Վահան Հովհաննիսյանն ասաց. “Քննարկված հարց չէ, բայց Դուք երկրորդ նախագահից ավելի լավ է հարցրեք, թե ինքը պատրաստվո՞ւմ է դնել իր թեկնածությունը, թե ոչ: Մենք չենք կարող պաշտպանել մի մարդու, որն ընդհանրապես չի էլ ուզում նախագահ ընտրվել”:
Հավելենք , որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադարձի մասին լուրերը ժամանակ առ ժամանակ մամուլ են սպրդում: Նշվում է քաղաքական այս կամ այն ուժի միջոցով վերջինիս վերադարձի հնարավորությունը: Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վահան Հովհաննիսյանը “շատ քիչ հավանական” էր համարել, որ նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն ինքը կլինի:
http://www.youtube.com/watch?v=RZvjjwBR9ew&feature=youtu.be