24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը եւ ՄԱԿ-ի R2P նորմը

Հայաստանում արդեն մեկ տարի է` ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից իրականացվում է “Պաշտպանելու պարտավորության (R2P). Համախմբելով քաղաքական եւ քաղաքացիական կամքը” ծրագիրը: Պաշտպանելու պարտավորությունը միջաջազգային նորմը ընդունվել է  2005-ի ՄԱԿ-ի համաշխարհային գագաթնաժողովում:

R2P-ի նպատակն է  աջակցել կանխարգելելու չորս հանցագործություններ` ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, էթնիկ զտումներ եւ մարդկության դեմ ուղղված ոճիրներ: Համաձայն R2P նորմի` յուրաքանչյուր պետությունը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին վերոնշյալ հանցագործություններից: Նորմը նաեւ ենթադրում է, որ եթե որեւէ պատճառով պետությունը չի կարող իրագործել իր` բնակչությանը պաշտպանելու գործառույթը, ապա միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել: Նորմը հնարավորություն է տալիս նաեւ միջազգային հանրության անտարբեր չլինելու եւ միջամտելու ընթացիկ հակամարտությունների եւ զանգվածային ջարդերի  կանխարգելմանը:

Այստեղ առաջանում է բնական մեկ հարց` արդյո՞ք այս նորմի կիրառումը չի խախտում պետության ինքնիշխանությունը եւ չի ենթադրում նրա ներքին գործերին միջամտելու փորձ, քանի որ միգազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է պետության ներքին գործերին խառնվելու անթույլատրելիությունը: Բանը նրանում է, որ կանխարգելումը պահանջում է պատասխանտվության բաշխում միջազգային հանրության եւ պետությունների միջեւ: Համաձայն միջազգային իրավունքի` յուրաքանչյուր պետություն ունի ցեղասպանությունները եւ զանգվածային ոճիրները կանխելու առաջնային իրավունք, սակայն պետության ինքնիշխանությունը չի կարող խոչընդոտել միջազգային հանրության դերակատարմանը: Վերոնշյալ սկզբունքը ամրագրված է հենց “Ցեղասպանության դեմ պայքարի” միջազգային կոնվենցիայի առաջին հոդվածում եւ “Պաշտպանելու պարտավորություն” նորմի մեջ:

Ինչու՞ ընտրվեց Հայաստանը.

R2P-ին միջազգային օրենքի բավականին հետաքրքիր գործիք է, որը կարող է հետագայում խափանել կամ կանխարգելել էթնիկ զտումները եւ ցեղասպանությունները: Այս մասին մեր հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտություների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքերով, սա նաեւ հնարավորություն է, որը կարող է էֆեկտիվ օգտագործել Հայաստանի արտագին գործերի նախարարությունը միջազգային ասպարեզում: “Այս նորմը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ արդյունավետ եւ ուժեղ է հենց ինքը` միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ը”, – համոզմունք հայտնեց քաղաքագետը, հավելելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն այն կարող է օգտագործել, ասելով միջազգային հանրությանը. “Թույլ տալով Հայոց ցեղասպանությունը 1915-ի Օսմանյան կայսրությունում, վտանգավոր նախադեպ ստեղծվեց եւ թույլ տրվեց նմանատիպ ոճիրներ իրականացնել հետագայում Կամբոջայում եւ Ռուանդայում”:

Այլ կերպ ասած` մերժելով Հայոց ցեղասպանությունը, “կանաչ լույս վառվեց” այլ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճիրների իրագործման համար, մանրամասնեց Կիրակոսյանը: Նրա կարծիքով խնդիրը բարձրացվել է Երեւանում հենց այն պատճառով, որ հայ ժողովրդի հետ կատարվել է նման ողբերգություն, եւ հիմա Հայաստանը ակտիվորեն առաջ է մղում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: “Սրա արդյունքում Հայաստանը շատ ակտիվ կլինի միջազգային խաղաղարար առաքելություններում եւ միջազգային անվտանգության համատեքստում: Օրինակի համար Հայաստանի խաղաղապահները ծառայում են Աֆղանստանում: ՀՀ-ն հիմա բարձր դիրքերում է գտնվում միջազգային անվտանգության առումով”, – եզրափակեց մասնագետը:

Հայաստանի դերը R2P-ի գործընթացում.

“Կարծում եմ` ունենալով պատմական նախադեպ` հայ ժողովուրդը պետք է լինի սպիտակ դրոշակակիրը` կանխարգելելու նմանտիպ հանցագործությունները: Մյուս կոմից, ինչու ոչ Հայաստանը: Մաս լինելով միջազգային համայնքին մենք էլ պիտի մաս կազմենք օրեցօր մեծացող շարժմանը` չլինել անտարբեր տեղի ունեցող իրադարձություններին”, – այսպես ձեւակերպեց իր կարծիքը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի R2P ծրագրի համակարգող Ամալյա Գրիգորյանը:

Գնահատելով արդեն մեկ տարի իրականցող “Պաշտպանելու պարտավորություն (R2P). համախմբելով հանրային եւ քաղաքական կամքը” ծրագիրի արդյունքները, Գրիգորյանը նկատեց, որ ծրագրի ընթացքում աշխատել են ուսանողների, գիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, քաղաքական գործիչների հետ:

Նա տեղեկացրեց, որ Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի Ֆրանսիական եւ Ամերիկյան համալսարաններում նորմը դասավանդվել է Միջազգային իրավունք, Քաղաքագիտություն, Միջազգային հարաբերություններ առարկանների շրաջանակներում:  “Առաջին անգամ հայերեն է թարգմանվել ուսումնական ձեռնարկ, որը ամբողջական տեղեկատվություն է պարունակում նորմի վերաբերյալ: Բացի այդ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի էլեկտրոնային կայքին կից www.auna.am գործարկվել է տեղեկատվական բլոգ R2P-ի վերաբերյալ: Պետք է նշեմ, որ նորմը միանշանակ չի ընդունվել. այն տեղի է տվել շատ քննարկումների, բանավեճերի, քննադատությունների եւ այլն: Ինչը եւս նպաստել է նորմի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը”, – կարծում է ծրագրի համակարգողը, հավելելով, որ այն լինելու է շարունակական` հաշվի առնելով նաեւ այն տեղեկատվության մակարդակը, որն առկա է հասարակության մեջ:

 

Արշալույս Մղդեսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ