Խոչընդոտել են “Ժառանգության” թեկնածուի քարոզարշավը
“Ժառանգություն” կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ թիվ 1 ընտրատարածքում խոչընդոտել են պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզչությունը:
“Ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ “Ժառանգության” քարոզչական նյութերը բաժանելուն:
Ահազանգի հետքով ժամը 13:00-ի մոտակայքում 6-րդ փողոց ժամանած Ստյոպա Սաֆարյանը, նրան ուղեկցող անձինք անձամբ ականատես դարձան, թե ինպես են մի խումբ մարդիկ խոչընդոտում քարոզարշավին: Խոչընդոտողների թվում էր Նառա անունով ներկայացած մի կին` ՀՀԿ շտաբի ակտիվիստներից, որն անգամ զգուշացումից հետո շարունակում էր մարդկանցից ետ հավաքել Ս.Սաֆարյանի ու “Ժառանգության” քարոզչական նյութերը: ՀՀԿ շտաբում հավաքված իր բուկլետները պատգամավորը տեսել է անձամբ:
Ժամը 14:00-ի մոտակայքում 3-րդ փողոցում հավաքվում են ՀՀԿ շտաբերի շուրջ 30 ակտիվիստներ եւ Սաֆարյանի քարոզչական խմբերի հասցեին հնչեցնում հայհոյախառն, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ: Հատկապես աչքի են ընկել 2 տղամարդ, որոնք ժամանել էին 22 OU 171 պետհամարանիշով ջիպ ավտոմեքենայով: Ներկայանալ հրաժարված հիշյալ երկու անձինք աղմկել են եւ պնդել, որպեսզի Սաֆարյանը “հավաքի բանդան եւ հեռանա իրենց թաղից”:
Իրադրության հետագա սրում թույլ չտալու համար Սաֆարյանը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Ոստիկանություն դիմելուն պես խմբված ՀՀԿ-ականները լքել են տարածքը:
Անկախ միջադեպից Ս.Սաֆարյանը եւ նրա շտաբի անդամները շարունակել եւ ավարտել են ծրագրված քարոզարշավը: Ցավալի է, որ կատարվածը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկան ոչ ՀՀԿ կուսակցությունը, ոչ էլ նրա մեծամասնական թեկնածուն` Ռուբեն Հայրապետյանը:
Կոչ ենք անում թիվ 1 ընտրատարածքում մրցակից թեկնածուին եւ իրավապահ մարմիններին` անհապաղ միջոցներ ձեռնարկել հետայսու ընտրատարածքում նման միջադեպերի կանխման ու լարվածության հետագա ուժգնացում թույլ չտալու համար”,-ասված է հայտարարությունում: