Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել դիմել նախագահին
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, թիվ 36 ընտրաատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական Մխիթար Վարագյանը օրերս փորձել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել ընտրատարածքում ստեղծված իրադրությունը:
Հիշեցնենք, որ բացի Վարագյանից, այստեղ առաջադրվել են, ՕԵԿ-ից Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, “ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը:
Հիմնական պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ, եւ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այս ընտրատարածքում ներքին կարգով, հանրապետականները աշխատում են ԲՀԿ-ական թեկնածուի օգտին:
Այս հարցն է բարձրացրել Մխիթար Վարագյանը շտաբի պետի առաջ: “Քեզ նախագահն է չէ՞ ասել առաջադրվի, նրան էլ տեղյակ պահի իրավիճակի մասին”,-պատասխանել է Արգամիչը:
Ի դեպ, Արթիկում լուրեր են պտտվում, որ այս անգամ էլ ընտրվելու է Մուշեղ Պետոյանը, իսկ աշնանը վերջինիս հայրը դառնալու է Արթիկի քաղաքապետ: Արթիկի ներկայիս քաղաքապետը Մխիթար Վարագյանի եղբայրն է: