Ընտրակաշառքի սպասումով
USAID եւ CIVILNET.AM կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերվել էր բանավեճ՝՛՛ Քարոզարշավի ամփոփում՛՛ թեմայով, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մոդերատորը` ՛՛Առավոտ՛՛ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը նշեց, որ ոչ մի անգամ այս ձեւաչափին չեն մասնակցել ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանը նշեց, որ այս քարոզարշավում երկրորդ պլան է մղվել այն, որ ընտրություններում կարելի է հաղթել ընտրական ծրագրերով: ՛՛ ՀՅԴ-ն այն ուժերից է, որ ներկայանում է ծրագրերով՛՛,- ասաց նա:
՛՛Միավորված հայերի՛՛ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` անկախ այն բանից, կանցնեն իրենք խորհրդարան թե ոչ, շարունակելու են միավորել հայերին:
՛՛Ժառանգական՛՛ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում չի կայացել ընտրությունների ինստիտուտը, եւ բացառությամբ 1991թվականի ընտրության , մնացած բոլոր ընտրությունները կեղծվել են:
՛՛Իշխանությունները ամեն տեղ ասում են, որ ընտրությունները աննախադեպ լավն են լինելու: Արդյոք նրանք ճիշտ են ասում, ահա ինչու սկսվում են խոսակցությունները ընտրակեղծիքների վերաբերյալ,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունները արել են առավելապես արտաքին աշխարհի համար: Նրա համոզմամբ՝ մեր երկիրը չի կարող ունենալ եւս մեկ կեղծված ընտրություն:
Կոմկուսի ներկայացուցիչ Անդրանիկ Ղուկասյանը նկատեց, որ փորձ է արվում գաղափարները ուղղորդել դեպի փող եւ շահ:՛՛Մենք դրա դեմ պայքարեցինք, բայց մեզ այդքան էլ չհաջողվեց արմատախիլ անել այդ երեւույթը: Հատկապես մարզերում ժողովուրդը սպասում է ընտրակաշառքին՛՛,- ասաց նա:
Արամ Աբրահամյանի այն հարցին, ովքեր են այդ ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանում, միգուցե ՛՛Միավորված հայեր՛՛ կուսակցությունն է, կոմկուսի ներկայացուցիչը պատասխանեց, որ հաստատ նրանք չեն:
՛՛Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե “Եվրատեսիլը” եկել է Հայաստան, եկեք վեր կանգնենք համերգա-հանրահավաքային մեթոդներից եւ խոսենք գաղափարներից՛՛,- կոչ արեց Անդրանիկ Ղուկասյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը ընդգծեց միջկուսակցական ընտրական մոնիտորինգի շտաբի կարեւորությունը, հավելելով, որ այս քարոզարշավի ընթացքում խոսվել է ամեն ինչից, բացի գաղափարներից: ՛՛ԲՀԿ-ն հայտարարում է, որ տեր է կանգնելու իր քվեներին՛՛,- ասաց Էլինար Վարդանյանը: