ԲՀԿ-ական քաղաքապետը մերժել է Սյունիքի մարզպետին. ակն ընդ ակն
Henaran.am-ի հետ զրույցում Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչե Միրաբյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքապետարանը մերժել է ՀՀԿ-ին, մայիսի 4-ին, ժամը 17-ին Սիսիանի կենտրոնական հրապարակում հանրահավաք-համերգ կազմակերպելու դիմումը:
“Օրենքի խախտում կար, ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետը պիտի 7օր առաջ դիմեր քաղաքապետարան: Երեկ, մայիսի 2-ին է դիմել: Նախապես արդեն կար մի այլ թեկնածուի դիմում եւ նրան է տարածքը տրամադրվել”,-ասաց Միրաբյանը:
Իսկ նախընտրական քարոզարշավի վերջին օրը Սիսիանում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ունի թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանը: Նրա շտաբից Henaran.am-ին տրամադրված տեղեկատվության համաձայն, շտաբը 3 օր առաջ արդեն ծանուցագրերը բաժանել է ընտրողներին եւ տրվել է հայտարարություն այդ մասին:
Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անդրդվելի է մնացել, եւ հայտարարել է, որ ամեն դեպքում` ամեն գնով ՀՀԿ հավաքը պիտի տեղի ունենա: Թաթուլ Հակոբյանի շտաբն էլ ձեռնունայն չի նստում: Նրանք պատրաստվում են օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել բոլոր ատյաններին` սկսած դատախազությունից մինչեւ ԿԸՀ, թեժ գծերից մինչեւ դիվանագիտական կառույցներ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ըստ մամուլի հրապարակումների դիմել էր Սիսիանի բժշկական կենտրոնի ղեկավարին եւ “Հայջրմուղկոյուղու” հարավային մասնաճյուղի տնօրենին` նախընտրական քարոզչության նպատակով հանդիպել կոլեկտիվների հետ, սակայն մերժում էր ստացել: Քաղաքապետին պարզաբանել էին, որ ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ Աշոտ Մինասյանը ասել է, որ մարզպետը չի թույլատրում: